Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն Իրանին երկարաժամկետ համագործակցության կոչ է արել և Թեհրանին որակել որպես Փարիզի համար առևտրային խոշոր գործընկեր:
Ժան Մարկ Էյրոն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք ցանկանում ենք երկարաժամկետ համագործակցություն սկսել Իրանի հետ:
Հետագայում Ֆրանսիա կայցելի Իրանի նախագահ Հասան Ռուհանին, և մենք ուրախ կլինենք հյուրընկալել նրան»:
Էյրոն միջուկային համաձայնագրի կապակցությամբ շնորհավորել է Զարիֆին՝ դա որակելով որպես պատմական պատասխանատվություն:
Էյրոյի խոսքով՝ միջուկային համաձայնագիրը շահավետ է երկու կողմի համար էլ, այն նոր ուղի է բացում Իրանի համար, որպեսզի վերջինս դառնա Ֆրանսիայի գործընկերը:
Էյրոն Զարիֆի հետ քննարկել է նաև Լիբանանի, Սիրիայի ու Եմենի հարցերը և կարևորել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցը:











































