Apple ընկերությունը iOS 7 բջջային օպերացիոն համակարգի բետա տարբերակում ներդրել է գլխի աջ և ձախ շարժումներով սարքը կառավարելու գործառույթ: Այս մասին հայտնում է 9to5Mac բլոգը:
Գործառույթը թույլ է տալիս սահմանափակ հնարավորություններով մարդկանց կառավարել iPhone-ը կամ iPad-ը: Սարքը գլխով կառավարելու համար պետք է կարգավորումների մենյուից ընտրել «Համընդհանուր հասանելիություն» կոճակը:
Երբ գործառույթն ակտիվանում է, էկրանի վրայով սկսում է շրջանակը տեղաշարժվել: Երբ անհրաժեշտ ֆայլը գտնվում է շրջանակի սահմաններում, պետք է օգտատերը գլխով անի՝ այն ընտրելու համար:
Գործաույթն առկա է նաև iOS 7-ի երկրորդ բետա տարբերակում, որը թողարկվել է հունիսի 24-ին: Դեռևս հայտնի չէ՝ կհայտնվի՞ այն օպերացիոն համակարգի վերջնական տարբերակում, որը կթողարկվի աշնանը:








































