Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական առաջադրանքը Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է:
«Ներկայումս հիմնական առաջադրանքը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալ, որ ջուրն ընկնի այն աշխատանքը, որը կար Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին:
Առաջիկա բանակցությունները կլինեն բարդ: Նախագահը (Վլադիմիր Պուտին) կանցկացնի առանձին հանդիպումներ նախ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ապա առանձին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո տեղի կունենա առանձին զրույց և ապա աշխատանքային նախաճաշ՝ արդեն եռակողմ կազմով, այսինքն՝ դրան կմասնակցեն Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը»,- տեղեկացրել է նա: