35-ամյա Իշխանուհին և 41-ամյա Մկրտիչն Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ապրում են ծայրաստիճան ծանր սոցիալական պայմաններում: Փոքրիկ տնակում ամռանը շնչելու օդ չկա, օդը գաղջ է, իսկ ձմռանն էլ ցրտից ջուրն է սառչում, քանի որ տնակի պատուհանների միայն շրջանակը կա, ապակու փոխարեն էլ «ցելոֆան» է ամրացված:
Ամռանը շատ հաճախ գերադասում են քնել դրսում, տանը քնում են լույսը միացրած, քանի որ առնետները մթության մեջ հարձակվում և կրծում երեխաներին: Եվ այստեղ երեք երեխաների հետ ապրում են արդեն տասնհինգ տարի:
Մկրտիչը տառապում է շաքարախտով, տարվա այս եղանակին դաշտերում պոմիդոր է հավաքում, բայց հիմնականում կինն է աշխատում այս կամ այն հարևանի տանը:
Սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներին Երևանում խնամքի կենտրոն են հանձնել, երեխաները սովորում են Երևանում, գիշերում՝ խնամքի կենտրոնում:
«Ստիպված Երևանում խնամքի կենտրոն ենք հանձնել, այս ամիսներին բերում ենք տուն»,- ասաց Իշխանուհին՝ հավելելով, որ ինքը քաղհան է անում, բաղ է բացում, բաղ է փակում: «Այս պայմանների պատճառով մի պահ բաժանվել ենք, քանի որ երեխաներին չէինք կարողանում պահել»,- ասացին ամուսինները՝ նշելով, որ իրենց ամուսնությունը մեծ սիրո արդյունք է եղել:
Ընտանիքի ամսական նպաստը կազմում է 30.000 դրամ, ամուսնու թոշակը՝ 14 հազար: 44.000 դրամը դեռ չստացած՝ վերջանում է, քանի որ ամուսնու թոշակով ալյուրն են գնում, իսկ մնացածով խանութների պարտքերը մարում:
Բաղնիք և զուգարան էլ չունեն: Հանդում մի զուգարան կա, այն էլ երեխաները մի քանի անգամ օձ են տեսել տարածքում, հիմա այնտեղ էլ չեն կարողանում գնալ:
Մկրտիչն աղբանոցից ալյումին և պղինձ է հավաքում, հեծանիվով բերում-հանձնում:
Երեխաների երազանքն է ծնողների հետ մնալ, գյուղում հաճախել դպրոց: Մեզ հետ զրույցում Վարդանը հուզված ասաց. «Ուզում եմ միշտ ծնողներիս հետ մնալ, շատ եմ կարոտում, սպորտով զբաղվել,սակայն չեմ կարող, քանի որ այստեղ խմբակներ չկան»: Քույրը՝ Աստղիկն էլ է երազում ծնողների կողքին մնալու մասին:
Իշխանուհին նշեց, որ այս տարի կարկուտի պատճառով ոչինչ չունեն, նախորդ տարի գոնե լոբի էր մշակել, 40 հազարի եկամուտ ստացել լոբու վաճառքից, սակայն այս տարի «կակուտը ծեծած տեղը խփեց»:
Այսքան ժամանակ որևէ մեկից հաց ու ջուր չեն խնդրել, ապրում են իրենց աշխատանքով: «Աստղիկը հիվանդանոց էր ընկել, էրեխեքը գիշերօթիկում միշտ իրար ծեծում են, էրեխու փորին էլ խփել, հիվանդանոց էին պառկեցրել. գնացինք-բերեցինք՝ բնական ձևով բուժեցինք».- ասացին ծնողները՝ հավելելով, որ իրականում անգամ Երևան հասնելու գումար չեն ունենում: Երեխաների տրանսպորտային ծախսերն իրենք են հոգում, սակայն գիշերօթիկի տնօրինությունը երբեմն աջակցում է նաև տրանսպորտի գումար տրամադրելով:
Երեխաներն ապրում են՝ երազելով մեծ տան մասին, որտեղ առնետների վտանգ չի լինի:










































