Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցության նախկին ղեկավար Քևին Ռադը քվեարկության արդյունքներով կրկին կդառնա դրա առաջնորդը: Այս մասին հայտարարել է գործող վարչապետ Ջուլիա Գիլարդը՝ հաղորդում է BBC-ն:
Ռադի օգտին քվեարկել է 57 մարդ, իսկ Գիլարդի օգտին՝ 47: Կոչ անելով անցկացնել այս քվեարկությունը՝ Գիլարդը խոստացել էր, որ պարտվելու դեպքում կհեռանա քաղաքականությունից:
Քևին Ռադը կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացվել է երեք տարի առաջ, Գիլարդի ջանքերով՝ ստիպված լինելով թողնել վարչապետի պաշտոնը:
Լեյբորիստների խորհրդարանական խմբի անդամների քվեարկությանը նախորդել են շշուկներն առաջնորդի փոխվելու մասին, որոնց նպաստել են սոցհարցումները: Դրանց համաձայն՝ 2013թ. սեպտեմբերին կայանալիք ընտրություններում կուսակցությունը պարտություն կկրի:
Ավելի վաղ Քևին Ռադը հայտարարել է, որ եթե կուսակցությունում փոփոխություններ չլինեն, դրան սպասվում է աղետալի պարտություն:









































