Վերաքննիչ դատարանը մերժել է հոր պահանջը՝ իրեն հնարավորություն տալ բողոքարկել մահացած որդու գործով վճիռը: Բանակում ծեծի ենթարկված, հոգեկան խեղում ստացած երիտասարդը մահվանից առաջ դատարանին խնդրել էր մեղմ պատիժ սահմանել մեղադրյալների նկատմամբ:
Epress.am-ի փոխանցմամբ՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննել է ԼՂՀ Եղնիկներ զորամասում ծեծի ենթարկվելու հետևանքով վնասվածքներ ստացած հիվանդություն ձեռք բերած և դրա հետևանքով մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի (լուսանկարում) հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցչի բողոքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ:
Սյունիքի դատարանը մերժել էր կողմի միջնորդությունը, որով պահանջվում էր անտեսել այն փաստը, որ տուժող կողմը բաց է թողել վճռի բողոքարկման ժամկետը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանը բացատրել է, որ ժամկետը բաց թողնելը հիմքեր է ունեցել: Մասնավորապես, Մկրտչյանը, ծառայակիցների կողմից պարբերաբար և առանձին դաժանությամբ ենթարկվելով ծեծի, ստացել է մարմնական վնասվածքներ ու հոգեկան խեղում (համաձայն փորձաքննության՝ սուր պոլիմորֆ պսիխոտիկ խանգարում շիզոֆրենիայի ախտանիշներով), երկար ժամանակ բուժվել է ու հնարավորություն չի ունեցել ներկայանալ նիստերին: Առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելուց մոտ մեկ տարի անց` 2012-ի նոյեմբերի 11-ին տղան մահացել է: Մարգարյանի խոսքով՝ առողջական նման վիճակի պատճառով նաև Ժորա Մկրտչյանը զրկված է եղել քրեական գործի հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու և դրանց մասին ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությունից:
Մանրամասները կարդացեք՝ epress.am-ում:










































