Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունն իրենց մարզպետարանում որևէ ստուգում չի իրականացրել: Նշենք, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել հենց Ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքների հիման վրա` 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:
Ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ մեր զրույցը:
– Պարոն Գրիգորյան, չնայած մոտ մեկ տարի է, ինչ Դուք պաշտոնավարում եք, արդեն խախտումներ են հայտնաբերվել Ձեր մարզում: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Իսկ ո՞վ ասեց, որ խախտումներ հայտնաբերվել են իմ պաշտոնավարման ժամանակ:
– ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերը հարուցվել են 2012-13թթ. ուսումնասիրությունների արդյունքում: 2012-ի կեսից Դուք եք պաշտոնավարել:
– Այո՛, բայց դեռ պարզ չի, թե ինչ խախտումներ են: Քրեական գործը հարուցվել է, որպեսզի ճշտեն` ինչ խախտումներ են տեղի ունեցել:
– Պարոն Գրիգորյան, քրգործում գրված է, որ դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հետ են կապված խախտումները:
– Շատ հնարավոր է, որ խախտումներ տեղի ունեցել են: Կավարտվի քննությունը, և բոլորս կիմանանք` ինչ խախտումներ են տեղի ունեցել և ովքեր են մեղավորները:
– Դուք` որպես Գեղարքունիքի մարզպետ, տեղյակ չե՞ք` ինչ խախտումներ են եղել Ձեր մարզում:
– Իհարկե, ոչ: Տարբեր խոսակցություններ են գնում, բայց ես համոզված եմ, որ Գեղարքունիքի մարզում խախտումներ տեղի չեն ունեցել հիմնականում: Եթե տեղի ունեցած լինեն, դրանք մասնակի բնույթ են կրում:
– Ասել է թե` ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն անհի՞մն է, Ձեր կարծիքով:
– Ես չեմ կարող նման գնահատական տալ: Նախաքննությունը կավարտվի, և բոլորս կտեսնենք` ինչ խախտումներ են տեղի ունեցել, և խախտում կատարողները պարտադիր կպատժվեն:
– Պարոն Գրիգորյան, բոլոր մարզպետները, ում հետ խոսում ենք, ասում են` խախտումներ իրականում չկան: Այսինքն` Ֆինանսների նախարարությունը «գործ է սարքել» մարզպետների դեմ:
– Ո՛չ, սպասենք նախաքննության ավարտին: Ես հրապարակային պատասխանում եմ, որ մարզպետարանում որևէ խախտում տեղի չի ունեցել:
– Այդ դեպքում` որտե՞ղ է խախտումը եղել:
– Չեմ կարող ասել` կավարտվի գործընթացը, և կտեսնենք` որտեղ և ովքեր են:
– Իսկ Դուք մարզպետարանում չե՞ք ճշտել` ինչ խախտումների մասին է խոսքը, չե՞ք փորձել դրանք շտկել:
– Ուրեմն ես ձեզ տեղեկացնում եմ, որ մարզպետարանում ոչ մի ուսումնասիրություն տեղի չի ունեցել, մարզպետարանում տեղյակ չեն տեղի ունեցած ուսումնասիրությունից: Ֆինանսների նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանում որևէ ստուգում չի կատարել:
– Իսկ պատրա՞ստ եք պատասխան տալ կատարվածի համար և ի՞նչ ձևով եք պատրաստ պատասխան տալ:
– Օրենքի ամբողջ խստությամբ: Եվ ոչ միայն ես: Ցանկացած մեկը պարտավոր է պատասխան տալ:
– Կարծում եք` հարցը կհասնի Ձեր պաշտոնանկությա՞նը:
– Եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, ես ինքս հրաժարական կտամ: Բայց ես համոզված եմ, որ մենք դրան չենք հասնի, և դուք ականատես չեք լինի նման հրաժարականի:
– Պարոն Գրիգորյան, Արարատում պարզվեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր օգտվել պետական դիզվառելիքից, Ձեր մարզում չկա՞ն ՀՀԿ-ականներ կամ պաշտոնյաներ, որոնք օգտվել են պետական դիզվառելիքից:
– Նման օրինակ չկա Գեղարքունիքի մարզում:
– Իսկ Ձեր բարեկամները չե՞ն օգտվել այդ բարիքներից:
– Ո՛չ, էդպիսի ցանկություն հայտնող էլ չի եղել:











































