1861թ. այս օրը Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում ծնվեց նշանավոր գրող, հրապարակախոս, իրավաբան, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապը:
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։
1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը: 1894-1895թթ. զարհուրելի էին արևմտահայերի համար։ Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից. Զոհրապը Կ.Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։
1908թ. Զոհրապն ընտրվում է թուրքական խորհրդարանի պատգամավոր։ Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։ Զոհրապը Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914թ. բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
Թուրքիայի համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության իրականացման համար։ Մեկ գիշերվա ընթացքում` 1915թ. ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։
Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ, սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալում են։
1915թ. հուլիսին աքսորի ճանապարհին Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվում է թուրք ջարդարարների կողմից:








































