1933թ. այս օրը Կահիրեում (Եգիպտոս) ծնվեց քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991) Արտո Չաքմաքչյանը (իսկական անունը՝ Հարություն):
Քանդակագործությամբ սկսել է զբաղվել 12 տարեկան հասակում: 1948թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, որտեղ քանդակագործություն և գեղանկարչություն է ուսանել Երևանի Գեղարվեստի ինստիտուտում:
1964թ. Մոսկվայի Խաղաղության կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար: 1975թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ էլ ապրում է մինչ օրս: 1978-ից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեկի համալսարանում:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում:
1960- ականներին նա առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը: Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ:
1970-ականներից նրա արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, և այլն):
Նա մեծ համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյթ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով:
2004թ. Հայաստանի նախագահի կողմից նրան շնորհվել է «Մովսես Խորենացի» պետական մեդալը: 2009թ. Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը նրան պարգևատրել է «Նարեկացի» մեդալով:











































