Սեպտեմբերի 22-ին Գերմանիայի Բունդեսթագում կայանալիք ընտրությունների ելքը վճռորոշ նշանակություն կունենա ոչ միայն Ֆեդերատիվ Հանրապետության, այլև ողջ Եվրոպայի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ երեկոյան կայացած իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության տնտեսական խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հանդիպմանը մասնակցել են երկրի քաղաքական և գործարար շրջանակների հարյուրավոր անդամներ: Գերմանիայի կառավարության ղեկավարը նրանց կրկին կոչ է արել իրենց ձայները տալ ներկայում իշխող կուսակցություններին: Կանցլերի խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքում իշխանության գան ընդդիմադիրները, ապա Գերմանիայի եվրոպական քաղաքականությունը կբնորոշվի անվստահության բարձր ցուցանիշով:
Անգելա Մերկելը ԵՄ տնտեսական քաղաքականության առավել հստակ համակարգման կոչ է արել: Նրա գնահատականով՝ ներկայում չկա համատեղ ըմբռնում առ այն, թե ինչպես պետք է ապահովել տնտեսական աճ:










































