Ճապոնիայի ազգային տիեզերական քաղաքականության նախարարությունը հայտարարել է 400- 500 կմ հեռահարության սեփական բալիստիկ հրթիռները մշակելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է The Japan Daily Press-ը:
Նոր հրթիռների մշակումը կսկսվի հաջորդ տարի, իսկ առաջին թողարկումը նախատեսված է 2020թ.-ին: Այդ հրթիռների օգնությամբ Ճապոնիայի կառավարությունը կլուծի Սենկակու վիճելի կղզիների պաշտպանության խնդիրը: Հրթիռները նախատեսվում է տեղադրել Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզում:
2016թ.-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ևս նախատեսում էր սկսել հեռահար բալիստիկ հրթիռների մշակումը: Սակայն իշխող՝ «Նոր Կոմեյտո» կուսակցության անդամներից մեկն ասել էր, որ նման մշակումները կարող են հակասել Ճապոնիայի Սահմանադրության 9-րդ հոդվածին: Ուստի պաշտպանության նախարարությունը ստիպված էր հրաժարվել այդ գաղափարից:










































