ԱՄՆ ազգային անվտանգության մամլո քարտուղար Քեյթլին Հայդենը հայտարարել է, որ Ռուսաստանում կա օրենսդրական բազա՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու համար: Ներկայում նա գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Չնայած այն բանին, որ մենք Ռուսաստանի հետ չունենք համաձայնագիր քաղաքացիների փոխադարձ արտահանձնման մասին, Մոսկվան ունի հստակ օրենսդրական հիմք, որը թույլ է տալիս Սնոուդենին էքստրադիցիայի ենթարկել»,- ասել է Հայդենը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հանցագործներին հանձնել այլ պետություններ միայն համապատասխան երկկողմ համաձայնագրի առկայության դեպքում, իսկ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև նման համաձայնագիր չկա:
Հիշեցնենք, որ Սնոուդենը Հոնկոնգից Մոսկվա էր ուղևորվել անցած կիրակի:







































