Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Գերմանիան ու Թուրքիան համաձայնության են հասել «Ինջիրլիքի» ավիաբազայում գերմանացի զինծառայողների համար հյուրատուն կառուցելու հարցի շուրջ՝ չնայած Բունդեսթագի որոշման կապակցությամբ Բեռլինի ու Անկարայի միջև տիրող լարվածությանը:
Ընդգծվում է, որ չնայած այդ բանաձևի ընդունմանը և դրան հաջորդած Անկարայի կոշտ հայտարարություններին՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ բանակցությունները չեն դադարել:
Թուրքիայում հասկանում են, որ բարդ իրավիճակում Գերմանիայի հետ ռազմական համագործակցությունը ավելի քան պահանջված է, և պետք է շարունակել 2016 թվականին «Ինջիրլիք» Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլլա ֆոն դեր Լեյենի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մասին բանակցությունները:
Գերմանիայի ռազմաօդային ուժերի առաջին ինքնաթիռները «Ինջիրլիքի» ավիաբազա են ժամանել 2015 թվականի դեկտեմբերին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: Ներկա դրությամբ «Ինջիրլիքի» ավիաբազայում են գտնվում Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» տիպի երկու կործանիչ, ինչպես նաև լիցքավորիչ ինքնաթիռներ և ավելի քան 300 հոգանոց անձնակազմ:
Գերմանիան ծրագրում է ավիաբազայի տարածքում կառուցել հյուրատուն՝ նախատեսված 400 անձի համար, ինչպես նաև համակարգման կենտրոն ու հավելյալ անգարներ՝ ինքնաթիռների սպասարկման համար:










































