ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ Brexit-ը, կարող է հանգեցնել ոչ միայն ԵՄ-ի, այլև Արևմուտքի ամբողջ քաղաքական քաղաքակրթության կործանման: Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: Նրա խոսքով՝ Brexit-ը «կոգեշնչի բոլոր հակաեվրոպական ուժերին ԵՄ երկրներում»:
«Ինչո՞ւ է դա (Brexit-ը) այդքան վտանգավոր: Որովհետև ոչ ոք չի կարող կանխագուշակել երկարաժամկետ հետևանքները: Որպես պատմաբան՝ ես վախենում եմ, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով առաջարկվող հանրաքվեն կարող է դառնալ ոչ միայն ԵՄ-ի, այլև Արևմուտքի ամբողջ քաղաքական քաղաքակրթության կործանման սկիզբ»,- ասել է նա:
Տուսկը նաև նշել է, որ եթե բրիտանացիները հանրաքվեում քվեարկեն հօգուտ ԵՄ կազմից երկրի դուրս գալու, համապատասխան գործընթացը կտևի առնվազն 7 տարի: Նրա խոսքով՝ նախ պետք է բանակցություններ սկսվեն Լոնդոնի և միության անդամ մյուս երկրների միջև, ինչը մոտ երկու տարի կտևի:
«ԵՄ անդամ 27 երկրներից յուրաքանչյուրը, նաև Եվրոպական խորհրդարանը պետք է համաձայնեցնեն ընդհանուր որոշումը: Դա առնվազն 5 տարի կտևի, և վախենամ՝ ոչ մի երաշխիք չկա, որ այդ գործընթացը հաջող կլինի»,- ասել է Տուսկը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին:








































