Մի շարք ապրանքատեսակներ կհամապատասխանեցվեն Մաքսային միության չափանիշներին: Խաղալիքներ, ավտոյուղեր, հեղուկ գազ, բենզին և մի շարք այլ տարբեր ոլորտի ապրանքատեսակներ կանցնեն սերտիֆիկացման հատուկ գործընթաց:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի խոսքերով՝ սա արվում է ելնելով ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ անվտանգության պահանջներից:
Խալիկյանը մանրամասնում է՝ առաջիկայում համապատասխան ոլորտներում իրականացվելու են ստուգումներ, որոնք ուղղված են ոչ թե տնտեսվարողներին տուգանել, այլ իրազեկել նոր փոփոխությունների մասին:
Չնայած՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը վստահեցնում է, որ փոփոխությունները չեն դառնա գնաճի պատճառ։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այդ կարծիքին չէ:
Մաքսային միության չափանիշներին սերտիֆիկացման միջոցով ապրանքների համապատասխանեցում տնտեսվարողների համար, միանշանակ պահանջելու է ֆինանսական միջոցներ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Հայաստան ներկրվող ապրանքատեսակների գերակշռող մասը բաժին են ընկնոմ ոչ Մաքսային միության երկրներին:
Պիպոյանը նկատում է՝ այսօր սերտիֆիկացում պետք է անցկացնեն այն մարմինները, որոնց նախորդ կառավարության ղեկավարը զրկել էր այդ գործառույթից անարդյունավետ աշխատանքի և տնտեսվարողներից գումարներ մսխելու համար:
Պիպոյանը ընդգծում է՝ սերտիֆիկացման գործընթացի քողի տակ իրականացվում են մի շարք կոռուպցիոն գործարքներ, որոնց արդյունքում որևէ ապրանքատեսակի դեպքում որակի կամ անվտանգության մակարդակը չի բարձրանում:










































