Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս չի գտնվում 21-րդ դարում և քաղաքակրթության ժամանակակից մակարդակում, ինչի մասին վկայում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան կարդալու որոշումը, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ, Սուրբ Սոֆիայի տաճարում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձան է, Ռամադան ամսվա ընթացքում Ղուրան են կարդում, ինչը հաղորդում են պետական հեռուստատեսությամբ:
Դա Հունաստանում կտրուկ արձագանք է առաջացրել: Հունաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, իսկ նրա աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան հետ է գնացել 100 տարով: Սուրբ Սոֆիայի տաճարը 1934 թվականից հանդիսանում է թանգարան:
«Թուրքիան ցուցաբերում է,- ես խոսում եմ շատ հարգալից և շատ դիվանագիտական լեզվով,- նյարդայնություն: Նյարդայնություն երկու պատճառով: Առաջինն այն է, որ նրա պլանները արտաքին քաղաքականության հարցում չեն հաջողվել: Այդ պետությունը ներկա պահին վատ հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ. նրանք նույնիսկ չեն խոսում, բանակցություններ են վարվում Իսրայելի հետ վատ հարաբերությունների պատճառով, Սիրիայի հետ պատերազմական վիճակում է և մասնակցում է պատերազմին Իրաքում, ունի պատմական տարաձայնություններ, որոնք ի հայտ եկան Հայաստանի հարցով Գերմանիայի խորհրդարանի քվեարկությունից հետո: Թուրքիան առճակատման մեջ է Ռուսաստանի հետ: Լուծված չէ Կիպրոսի խնդիրը, որտեղ նա պատասխանատու է Հյուսիսային Կիպրոսի անօրինական բռնազավթման համար, և Հունաստանի նկատմամբ Թուրքիան ռևանշիստական միտում ունի»,- հայտարարել է նախարարը:








































