Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր Գյումրիում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին տեղեկատվությանը` ասել է, թե Ռուսաստանը առևտուր է անում բոլոր երկրների հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ցանկացած երկիր կարող է օրենքի շրջանակներում Ռուսաստանից զենք ձեռք բերել», – հավելել է ռուս պաշտոնյան:
Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականիհրապարակումից հետո, հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակըհայտարարել էր, թե Արդբերջանին վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը «չեն խախտում ուժերի հավասարակշռությունը»:
Նիկոլայ Պատրուշևն այսօր այցելել էր Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան:
Լրագրողների հետ զրույցում Պարտուշևն ասել է, որ ռուս զինծառայողները Հայաստանում իրենց լավ են զգում. – «Մենք նոր լսեցինք 102-րդ ռազմակայանի և սահմանապահ ջոկատի հրամանատարության հաշվետվությունը, և կարծում եմ, որ ռուսաստանյան զինծառայողների ներկայությունն այն բանի երաշխիքն է, որ Հայաստանում բացասական զարգացումներ չեն լինի»:
«Սա շատ ժամանակակից ու լավ ռազմակայան է, որը հետագայում կշարունակի արդիականացվել», – նշել է Պատրուշևը` հավելելով, որ այդ հարցերով զբաղվում են երկու երկրների պաշտպանության նախարարները. – «Նրանք պլան ունեն: Ռազմակայանը զարգանալու է և կատարելագործվելու: Թեև նշեմ, որ այսօր էլ մարտունակ է և ի վիճակի է կատարել ցանկացած առաջադրանք»:
Երեկ, հիշեցնենք, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:












































