Առաջիկայում ԼՂ խորհրդարանում կբարձրացվի ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հրաժարականի պահանջը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Միրզոյանի` 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային «Ֆրանս 24» հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում տեղ գտած վրիպակներին: Նա, մասնավորապես պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքն այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, բառացիորեն պատասխանել է. «Կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:
Վահան Բադասյանը նշեց, որ Կարեն Միրզոյանին չպետք է արդարացնել, նաև չպետք է դավաճան որակել, թեև դրա բոլոր բարոյական հիմքերը կան: Ըստ նրա՝ նրան չպետք է դավաճան անվանել, որովհետև Արցախի բոլոր պաշտոններում նշանակումներն են սխալ արվում, որի արդյունքում էլ Ղարաբաղի այդ գերատեսչությունը, որպես նախարարություն, որպես արտաքին գերատեսչություն, իր գործառույթները չի իրականացնում՝ ԱԳ նախարարությունը Ղարաբաղի նման երկրում դարձել է երկրորդական մի կառույց:
«Արդեն 25 տարի է՝ ԼՂ հակամարտությանը՝ հայկական ամենակարևոր հիմնահարցին մատների արանքով են նայում մեր պետական այրերը և անձնական ամբիցիոզություն են ցուցաբերում՝ կարևոր պաշտոններում նշանակելով Կարեն Միրզոյանի նման անձանց: Ես մեղադրում եմ նրանց, ովքեր նշանակել են Կարեն Միրզոյանին, նա արել է շատ սխալ, կոպիտ հայտարարություն: Իսկ իր այդ հայտարարության պատճառն այն է, որ նա ԼՂ-ն չի ճանաչում, Կարենը չի ճանաչում Ղարաբաղը, չի տիրապետում ԼՂ հիմնահարցին, ինքը Ղարաբաղում չի մեծացել, Ղարաբաղի շնչով, Ղարաբաղի օդով չի շնչել, Ղարաբաղի հարցով չի շնչել և չի իմանում, թե ինչն է ղարաբաղյան հարցն իրականում: Միայն Կարենը չէ, Կարենի նմանները չեն ճանաչում Ղարաբաղը»,- նման տեսակետ հայտնեց Արցախի խորհրդարանի պատգամավորը՝ հիշելով Վասիլի Աթաջանյան ԱԳ նախարարի պաշտոնակատարին, ով, ըստ նրա, ինտելեկտով միգուցե ավելի պակաս էր, բայց ղարաբաղցի էր և նման արտահայտություն չէր անի. «Նա ամենաթույլ նախարարներից մեկն է եղել, բայց նման սխալ արտահայտություն իրեն երբեք թույլ չէր տա»:
Հարցին, թե իր կարծիքով այդ արտահայտությունը գիտակցվա՞ծ է արվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա բավականին գիտակցված արտահայտություն էր, որովհետև նա չի տիրապետում ԼՂ հարցին: «Հարցը նրանումն է, որ նախագահ Բակո Սահակյանն է ձգտում նշանակել թույլ մարդկանց, որպեսզի ինքը նրանց կողքին ուժեղ երևա, և սա այն դեպքում, երբ այն գլխից Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սեփականաշնորհել են Ղարաբաղի հարցը և Ղարաբաղի նախագահին, ԱԳ նախարարին»,- ասաց Վահան Բադասյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ որպես պատգամավոր՝ պահանջելու է Կարեն Միրզոյանի հրաժարականը ԼՂ խորհրդարանում: «Այդ հարցին չգիտեմ, թե ինչպես կարձագանքեն մյուս պատգամավորները, բայց լիահույս եմ, որ բոլորը կմիանան: Դիվանագիտական կեցվածքով լուսանկարվելը դեռևս դիվանագիտություն չէ»,- եզրափակեց իր խոսքը Վահան Բադասյանը:











































