«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Աննա Գևորգյանը:
– Աննա, Հայաստանի կառավարությունը վավերացրել է Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը: Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումն ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի:
– Դիվանագիտական և քաղաքական առումով դա, իհարկե, բացառապես դրական քայլ է, որը ցույց է տալիս, որ երկու երկրները պատրաստ են ավելի լայն փոխգործակցության, ավելի ազատ և բաց են միմյանց առջև:
Ինչ վերաբերում է հնարավոր բացասական կողմերի մասին արձագանքներին (ես նկատեցի, որ շատ են խոսում այդ մասին), բնականաբար, կա այդ մտավախությունը, որ առանց վիզայի ռեժիմը նոր մարտահրավերներ է կարծես առաջացնում մեր երկրի համար ազգային անվտանգության տեսակետից: Բայց պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարագայում այդ մարտահրավերը կա պատերազմող երկրի համար, և անկախ նրանից՝ վիզային ռեժիմը կա, թե չկա, ազգային անվտանգության խնդիրները շատ ավելի լուրջ են մեր երկրի համար, հատկապես հիմա, երբ պատերազմական դրությունը ավելի թեժ փուլում է:
Կարծես թե, ազգային անվտանգությունն ուներ այդ խնդիրները և՛ այն ժամանակ, երբ վիզա տրամադրվում էր, և՛ պիտի ունենա հիմա: Եթե երկրի ներսում գործում են ինստիտուտները և պատշաճ կերպով են կատարում իրենց աշխատանքը, այս փոփոխությունները չեն կարող մարտահրավեր լինել: Դրանք մարտահրավեր են այն դեպքում, երբ այնքան էլ վստահ չենք մեր ինստիտուտների գործառույթների վրա: Կարծում եմ՝ շեշտը պիտի դնել նրա վրա, որ մեր երկրի ներսում ինստիտուտները լավ կատարեն իրենց գործառույթները, և այդ դեպքում որևէ խնդրի առաջ չենք կանգնի:
– Հարցի ենթատեքստը պարզ է՝ Իրանում ապրում են մեծ թվով, այսպես կոչված, ադրբեջանցիներ կամ թյուրքալեզու բնակչություն: Սա կարո՞ղ է ինչ-որ սպառնալիք առաջացնել Հայաստանի համար:
– Իրանի հյուսիսում, երկու նահանգներում՝ արևելյան և արևմտյան Ատրպատականում, ապրում են ազերիներ, որոնք թյուրքախոս են, բայց իրանական ժողովուրդ են: Այո, Ադրբեջանի Հանրապետությունը որոշակի քաղաքականություն է տանում այդ նահանգներում և փորձում է նրանց մեջ սերմանել գաղափարախոսություն՝ իբրև թե նրանք նույն ժողովուրդն են, ինչ Ադրբեջանի ադրբեջանցիները, և որ պետք է անջատվել Իրանից և միանալ Ադրբեջանին: Այդ պատճառով նրանք այդ նահանգները կոչում են «հարավային Ադրբեջան»՝ այդպիսով շեշտելով, որ իրենք հյուսիսային Ադրբեջանն են: Բայց այս խնդիրը նախ վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և մյուս կողմից՝ եթե մենք կարծում ենք, որ այս գաղափարներով տոգորված Իրանի քաղաքացիները կարող են սպառնալիք դառնալ, ապա չեմ կարծում, որ այս նույն քաղաքացիները չէին դիմում վիզա ստանալու համար և սահմանը հատելու փորձ չէին կատարում: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ եթե մենք պիտի վախենանք բոլոր նրանցից, ովքեր ադրբեջանցի են կամ կապ ունեն Ադրբեջանի Հանրապետության հետ, ապա մենք պիտի վախենանք նաև Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունենալուց, որովհետև Վրաստանի շրջաններում նույնպես ապրում են ադրբեջանցիներ՝ ի տարբերություն Իրանի, որտեղ ապրում են իրանցիներ, որոնք ընդամենը ադրբեջանախոս կամ թյուրքախոս են: Իմիջիայլոց, Վրաստանի հետ մոտ երկու տարի առաջ միակողմանիորեն հաստատվել էր առանց վիզայի ռեժիմ, հետո դա վերացվեց, իսկ այս տարվա փետրվարից վերականգնվեց առանց վիզայի ռեժիմը: Իսկ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը դյուրացվել է:
Մենք շատ հաճախ հայ-իրանական հարաբերությունները համեմատում և վերլուծում ենք Իրան-անդրկովկասյան երկրներ համագործակցության համատեքստում, և այս առումով շատ կարևոր է, որ մեր հանրապետության հետ նույնպես կատարվեց դիվանագիտական այդ քայլը ու հաստատվեց առանց վիզաների ռեժիմ: Այս առումով միայն դրական եմ գնահատում:
– Իսկ ինչո՞ւ հիմա կայացվեց այս որոշումը: Սա որևէ կապ ունի՞ ներկայիս քաղաքական գործընթացների հետ:
– Կարծում եմ`սա ավելի շատ համընկել է Իրանի արտաքին քաղաքականության համար կարևոր ժամանակաշրջանի հետ, որովհետև գաղտնիք չէ, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո աշխարհի առաջ ավելի ու ավելի բացվելու քաղաքականություն է վարում, և այս քայլն ավելի շուտ դիտում եմ այդ, քան մեր խնդիրների համատեքստում:
– Իրանցի պաշտոնյաներն իրենք են ասում, որ զբոսաշրջությունը ամենահեռանկարային ոլորտներից է Հայաստանում: Վիզային ռեժիմի չեղարկումը կխթանի՞ զբոսաշրջության զարգացումը:
– Մեր երկրում զբոսաշրջության զարգացումը լուրջ կխթանի այն, որ մենք այդ ոլորտում էլ զարգացնենք մեր ենթակառուցվածքը, ինստիտուտները, և այս ոլորտում ներգրավված բոլոր մասնագետներն ավելի ջանասիրաբար աշխատեն այս ուղղությամբ, որովհետև որպես կանոն Իրանից զբոսաշրջիկների ներհոսքը կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզի ժամանակ, և մեծամասամբ կենտրոնանում է Երևանում, մի փոքր էլ՝ հարավային շրջաններում: Պետք է աշխատել, որ նրանք նաև հյուսիսային մարզեր այցելելու հնարավորություն ունենան, այդ այցելությունների ժամանակ լինեն տուր-օպերատորներ, գիդեր: Եթե կարողանանք այս բոլորը պատշաճ մակարդակի կազմակերպել և ընդլայնել միջին կարգի հյուրանոցների քանակը, այս ոլորտում որոշակի բարեփոխումներ անենք, ապա կարծում եմ՝ զբոսաշրջությունն իսկապես կարող է լուրջ ոլորտ լինել:
– Եթե փորձենք ավելի անկեղծ խոսել, ազերիների գործոնը որևէ կերպ կարո՞ղ է ազդել Իրանի պետական քաղաքականության վրա, այսինքն՝ գուցե չլինի ակնհայտ ադրբեջանամետ կողմնորոշում, բայց լինեն թաքնված ադրբեջանամետ շեշտադրումներ:
– Գիտական և վերլուծական ոլորտում անկեղծի և կեղծավորության կատեգորիաներն այնքան էլ կիրառելի չեն: Իրանի ներսում շատ հետաքրքիր քաղաքականություն է իրականացվում: Այնտեղ չկան ազգային փոքրամասնություններ, կան կրոնական փոքրամասնություններ, և քաղաքականությունն իրականացվում է՝ հաշվի առնելով հենց այդ միասնականության գործոնը: Եթե փորձենք ԻԻՀ-ի ներսում քաղաքացիներին բաժանել ազգային փոքրամասնությունների, ապա նույն Ալի Խամենեին՝ Իրանի հոգևոր առաջնորդը, հենց այդ թյուրքախոս իրանցիներից է, և ստացվում է, որ ամենավերևում հենց նրանք են ներկայացված: Բայց դա գործոն չէ Իրանի քաղաքականության համար: Այնտեղ կա հստակ իսլամական կառավարում, իսլամական գաղափարախոսություն, և այդ գաղափարախոսությունն է առաջնորդում թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը: Դա է պատճառը, որ նույն թյուրքախոս իրանցիները ունենում են խնդիրներ Իրանի կառավարության հետ, երբ փորձում են դրսից պարտադրված գաղափարներ առաջ տանել: Եթե նույնիսկ այդ գործոնը կա, ապա այն ճնշվում է հենց ներսում, որովհետև սա ոչ միայն հակահայկական, այլև հակաիրանական, հակաիսլամական գործոն է և սպառնալիք է նաև Իրանի պետականությանը: Իսլամական կառավարման տեսանկյունից, կրկնում եմ, չկան ազգային փոքրամասնություններ, կան կրոնական փոքրամասնություններ, և իրենք՝ որպես շիայական համայնքի ներկայացուցիչներ, պարզապես Իրանի քաղաքացիներ են և շիաներ: Որևէ այլ գաղափարախոսության առաջ գալը խոչընդոտվում է ԻԻՀ ղեկավարության կողմից:
– Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումից և պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կարողացա՞վ ավելի ակտիվորեն ներգրավվել մեր տարածաշրջանի գործընթացներին: Որքանո՞վ է այս տարածաշրջանը նրանց հետաքրքրում:
– Տարածաշրջանն, իհարկե, հետաքրքրում է Իրանին, և նա ամեն կերպ փորձում է տարածաշրջանում իր գերիշխող դերն ունենալ և դերակատարություն ունենալ տարածաշրջանի բոլոր իրադարձություններում և բոլոր թեժ կետերում: Դա են փաստում և՛ Սիրիայում Իրանի ներգրավումը, և՛ փորձը Ղարաբաղյան գործընթացում միջնորդի դեր կատարելու:
Իհարկե, Արևմուտքի հետ մերձեցման փուլում կարծես թե ընդունեցին այն հանգամանքը, որ առանց Իրանի՝ չեն կարող Սիրիայում բարեհաջող պայքար մղել ահաբեկիչների դեմ, և այդտեղ նաև Ռուսաստանի հետ որոշակի փոխգործակցության արդյունքում կարողացան ավելի լայն ընդգրկվածություն ունենալ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա Իրանը իսկապես փորձում է միջնորդի դեր կատարել, բայց հակամարտության լուծմամբ մտահոգ և լուծման ճանապարհին ընդգրկված բոլոր ուժերը համակարծիք են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առայժմ փոփոխման ենթակա չէ: Եթե Իրանը փորձի ներգրավվել միջնորդական առաքելության մեջ, ապա Թուրքիան նույնպես կարող է ներկայացնել այդպիսի հավակնություններ, այդ պատճառով հակամարտության կողմերը, հատկապես Հայաստանը, ամեն կերպ փորձում են փոփոխության չենթարկել Մինսկի խմբի ձևաչափը:
– Այս նույն գործընթացների համատեքստում՝ ինչո՞վ եք բացատրում Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությունը: Կա՞ արդյոք քաղաքականություն սրա հիմքում և ո՞ր երկրի դեմ է սա ավելի շատ ուղղված: Սա ուղղված չէ՞ նույն Իրանի դեմ:
– Իհարկե, Իսրայելի համար շատ կարևոր է Իրանի հյուսիսում ունենալ ներկայություն, ռազմական փորձագետներ և կիրառել նաև իրենց ռազմական տեխնիկան: Ըստ էության, դրանք նաև հետախուզական բնույթի միջոցառումներ են, որովհետև այդ ռազմական տեխնիկան Իրանի հյուսիսային սահմաններում օգտագործելով՝ կարողանում են որոշակի տվյալներ ունենալ Իրանի հյուսիսից: Այս տեսանկյունից ես վստահ եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի փոխգործակցությունը Իսրայելի համար նախևառաջ ուղղված է Իրանի դեմ և հետո նոր Ադրբեջանի շահերին տուրք տալով՝ ցավոք սրտի, նաև մեր դեմ: Այս տեսանկյունից, կարծում եմ, Իրանը պիտի ջանա իր ուժերը ներդնել, որպեսզի թույլ չտա, որ միջազգային ուժեր և ռազմական տեխնիկա, որ կարող է նաև իրեն վնաս հասցնել, մեծ ներկայություն ունենան այս տարածաշրջանում:
Շատ խոսվեց անօդաչու թռչող սարքերի մասին, բայց ժամանակին իրանական կողմը կարողացել է ոչ թե ոչնչացնել այդպիսի անօդաչու թռչող սարք, այլ իր մասնագետների միջոցով փոխել նրա կառավարման համակարգը և անվնաս իջեցնել իր հողում ու «գերի վերցնելով» նրան՝ ուսումնասիրել: Ուզում եմ ասել, որ ռազմական ոլորտն այս առումով զարգացած է Իրանում և նրանք ամեն կերպ փորձելու են խոչընդոտել և թույլ չտալ, որ այս ռազմական տեխնիկան հայտնվի Իրանի հյուսիսում:
– Տրամաբանական է, որ իսրայելա-ադրբեջանական համագործակցությանը կարող է հակակշռել միայն հայ-իրանական դաշինքը: Ինչո՞ւ ավելի մեծ ակտիվություն չենք տեսնում Իրանի կողմից այս հարցում:
– Գիտեք, բոլոր այս վերլուծությունները, որ անում ենք, և բոլոր այն հնարավորությունների մասին, որ բարձրաձայնում ենք Իրանի հետ փոխգործակցության ոլորտում, սա միայն միտում է վերլուծական մակարդակում հնարավորությունները շեշտադրելու: Մնացյալ ողջ աշխատանքը պիտի անի դիվանագիտական ապարատը և պիտի անի քաղաքական կամք ունենալու դեպքում: Այս բոլոր հնարավորությունները իսկապես կան, սա իսկապես կարող է լինել շահավետ երկու կողմերի համար էլ: Մնում է միայն ճիշտ, ճկուն դիվանագիտություն վարել և հասկանալի դարձնել հարևանի համար, որ այս փոխգործակցությունը ոչ միայն մեր, այլև իրենց շահերից է բխում: Կարծում եմ՝ հնարավոր կլինի հասնել ավելի լայն փոխգործակցության նաև այս ոլորտում:










































