Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սահմանին հարաբերական անդորր է, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, սակայն, պատերազմն ավարտված չի համարում: «Ես միշտ մեր ժողովրդին ասում եմ՝ ուր էլ գնաք՝ Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, պատերազմ լինելու է, երրորդ համաշխարհային պատերազմն արդեն գնում է և ծավալները կամաց-կամաց մեծանում են, միանգամից բռնկվելու է. եթե 2016-ին չլինի, 2017-ին բռնկում կլինի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Արկադի Կարապետյանը՝ հավելելով, որ մեր ազգն ունի կազմակերպվելու յուրահատուկ հնարավորություն, բայց իր հայրենիքում:
Հակառակորդին հաղթելու համար բանակաշինությունից զատ՝ կարևոր է նաև ճիշտ տեղեկատվական աշխատանքը, ինչը, ցավոք, դեռ կաղում է. «Խրամատի վրա պարկ է դրած, որի վրա կրակելով, կարելի է սպանել պարկի հետևում կանգնածին»,- նշում է Արկադի Կարապետյանը և մտահոգություն հայտնում, որ խրամատները նկարահանում են, և դա ցուցադրվում է, ինչ կարող է տեսնել նաև հակառակորդը:
Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցը խաղաղ ճանապարհով լուծում չունի, զուտ բանակցային ճանապարհով գործը գլուխ չի գա. «Մեր հայրենիքը պետք է ազատագրենք: Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կստորագրի, և մեր հարցերը կլուծվեն: Նման բան չի լինելու»:
Անդրադառնալով 800 հա կորսված տարածքներին՝ Ա. Կարապետյանը նշեց. «Մեր կորուստը շատ մեծ է, ունենք կորցրած հարենիք, հարցը 800 հեկտարը չէ, հարցը մեր հայրենիքը վերադարձնելն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































