Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսելով ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին, նշեց, որ պետք է պարզել՝ ո՞վ էր պարտադրողը, որ նա այսքան տարիներ հեռու լիներ հայրենիքից:
«Սամվել Բաբայանի նման մի անձնավորություն երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից. որո՞նք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում՝ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանն ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ այդ մարդը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում էր նաև պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նա պարտադրված բացակայի Հայաստանից: Ի՞նչ խնդիր էլ որ լիներ, կարծում եմ, հնարավոր էր լուծում գտնել, որ այդ բացակայությունը չլիներ»,- նշեց Ժ. Սեֆիլյանը և հավելեց, որ իր կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք չպետք է բացակայի Հայաստանից. Հայաստան ասելով՝ նկատի ունենալով նաև Արցախը:
«Բոլորդ նկատեցիք, թե ինչպիսի ջղաձգված վիճակ էր տիրում ստեփանակերտյան իշխանիկների մոտ,- նշեց Ժ. Սեֆիլյանը,- դժբախտաբար, ապրիլյան դեպքերը ևս դաս չեղան այդ մարդկանց: Հայկ Խանումյանի վրա հարձակվեցին և գիտենք, որ ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ նշված էր նաև, որ պետք է վերադառնա «իր Իջևանը», քանի որ իջևանցի է: Այդ վայրենիների կողմից նման արարքն ինձ համար զարմանալի չէ, սակայն վատն այն է, որ այդ միտքն այսօր ակտիվ շրջանառության մեջ է: Մենք լսեցինք նաև շարմազանովների և այլ չինովնիկների հայտարարությունները՝ քթերդ մի խոթեք ղարաբաղյան խնդիրների մեջ: Ի՞նչ է սա նշանակում, հայ զինվորները պետք է զոհվեն արցախյան ֆրոնտում, բայց հայը իրավունք չունի՞ քիթը խոթելու արցախյան հարցերի մեջ, այս ինչ անհեթեթություն է: Այս երկվությունը շատ վտանգավոր եմ համարում ու կարծում եմ՝ մեր ժողովուրդը, բանակը ջլատելու հերթական տեղեկատվական-հոգեբանական հնարքն է, որը դրված է շրջանառության մեջ:
Բոլորին կոչ եմ անում այդ ծուղակը չընկնել և արհամարհել հիմարների կողմից շրջանառության մեջ դրված այդ միտքը: Բոլորս պետք է հասկանանք՝ մենք մի ժողովուրդ ենք, չկա Արցախ, Երևան… կա Հայաստան և վերջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































