ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրմանը՝ ասաց, որ երկու երկրների միջև այդ խոսակցությունները սկսվել են դեռևս 20 տարի առաջ:
Նրա կարծիքով՝ դրանով մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները միանշանակորեն ավելանալու են. «Դա ամբողջովին գտնվելու է մեր պետության, մեր պաշտպանության նախարարության, մեր սպաների, հրամանատարության ներքո և միայն ու միայն գործարկելու է Հայաստանի Հանրապետության մասնագետը: Բայց այն մաս է կազմելու ընդհանուր հակաօդային պաշտպանության»:
Սամվել Նիկոյանի խոսքով՝ մենք չենք կարող ասել, որ այդ հակաօդային պաշտպանությունը ծառայելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, բայց «եկեք նաև չբացառենք, որ դա այդպես է լինելու: ՀՀ-ն սրանով ավելի մեծ հնարավորություն կունենա օգնելու ԼՂՀ հակաօդային պաշտպանությանը»:
Դիտարկմանը՝ փաստորեն մեր իշխանությունները ապրիլյան պատերազմից դասեր չքաղեցին, արդյոք այդ համաձայնագրի կնքմամբ որևէ մտավախություն չունե՞ն, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ոչ բոլոր երկրներն են ի վիճակի ստեղծել ժամանակակից հակաօդային պաշտպանություն: Հակաօդային, այսպես ասած, զոնտը՝ հովանոցը, շատ թանկ հաճույք է՝ զինված բացարձակապես ժամանակակից տեխնիկայով, և մեր տիպի երկրները ի վիճակի չեն ստեղծել նման կառույց: Եթե մեր հակաօդային պաշտպանությանը գումարում ենք նաև ՀԱՊԿ-ինը, որը բավականին գերզարգացած է, ապա կարծում եմ՝ մենք դա միայն ու միայն պետք է ողջունենք»:








































