Հայաստանում հրապարակվել են սոցիոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն` երևանցիների 46 տոկոսը ուզում է հեռանալ երկրից: Տվյալները հրապարակել է Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիան:
Սրանք աղետալի թվեր են, հատկապես այն առումով, որ երիտասարդ հարցվածների 52 տոկոսն է ցանկանում հեռանալ Հայաստանից: Աղետալիությունը կրկնակի է, եթե հաշվի առնենք, որ հարցումն իրականացվել է Երևանում, որը հանրապետության բնակավայրերի համեմատ համեմատաբար առավել բարեկեցիկ կյանքով ապրողների բնակատեղի է, որտեղ սոցիալական խնդիրների լուծում գտնելը քիչ թե շատ ավելի հեշտ է, քան այլ քաղաքներում և գյուղերում:
Հետևաբար` կարելի է պատկերացնել, թե ինչ ծավալներ կլինեին հարցումը համապետական մակարդակով անցկացնելու դեպքում, այսինքն` քանի տոկոսը կցանկանար հեռանալ Հայաստանից երկրի մասշտաբով, եթե Երևանի մասշտաբով այդ ցանկությունն արտահայտել է մարդկանց 46 տոկոսը: Կարևոր չէ, թե իրականում նրանցից քանիսն են հեռանալու: Էականը ֆիզիկական ծավալը չէ: Դա էական է իհարկե, բայց եթե մարդը Հայաստանից չի գնում միայն հնարավորությունների կամ ռիսկի բացակայության պատճառով, դա դեռ չի նշանակում, որ նա մնում է Հայաստանում: Որովհետև երկրում մնալը դա միայն ֆիզիկապես այստեղ լինելը չէ: Երկրում մնալը դա երկրի հետ հույսեր կապելը, ծրագրեր կազմելը, ցանկություններ, նպատակներ ունենալն է, դրանց իրագործման գործընթաց սկսելն ու այդ գործընթացով բավարարված լինելը կամ այդ գործընթացով ապրելն է: Երկրում մնալն ապրելն է` այդ բառի լայն, ընդգրկուն, խորքային և ոչ միայն ֆիզիկական իմաստով: Իսկ հարցվածների կեսը, փաստորեն, երկրում չեն ապրում: Այսինքն` նրանք երկրում են ֆիզիկապես, սակայն պլաններով արդեն նրանք Հայաստանում չեն, որովհետև ուզում են գնալ:
Հայաստանում ժողովրդագրական աղետ չէ, Հայաստանում հոգեբանական աղետ է: Ժողովրդագրական պատկերը կարող է մխիթարիչ չլինել: Ի վերջո, կան երկրներ, որտեղ բնակչությունը պահանջվածից, այսինքն` նվազագույն անհրաժեշտից քիչ է, որտեղ եթե լինի, ասենք, տարածքը պաշտպանելու սուր խնդիր, բնակչությունը կարող է չբավականացնել: Այդպիսի երկրներում, բնակչության սղությունը կարող է փոխարինվել գիտատեխնիկական, տեխնոլոգիական առաջընթացով, երբ մարդիկ լինելով քիչ` կարիքից, անհրաժեշտությունից դրդված հարստացնում են իրենց օգտակար գործողության զինանոցը նոր տեխնոլոգիական հնարավորություններով: Այլ կերպ ասած` կարող է լինել դեմոգրաֆիական ոչ այնքան բարվոք պատկեր և միտում, սակայն կարող է միաժամանակ տվյալ հասարակությունը ելքը գտնել կամ ինչ-որ առումով դարման գտնել ամեն մի անհատի ՕԳԳ-ն բարձրացնելու միջոցով, արտադրողականությունը բարձրացնելու միջոցով: Իսկ դա էլ իր հերթին թե պաշտպանունակությունն ու մրցունակությունը կբարձրացնի, թե նաև հետագայում կբերի նաև դեմոգրաֆիական իրավիճակի կայունացման:
Դրա համար, սակայն, պետք է, որ ժողովրդագրական խնդիրը չուղեկցվի հոգեբանական աղետով: Իսկ Հայաստանում հոգեբանական աղետը ոչ միայն ուղեկցում է դեմոգրաֆիային, այլ զգալիորեն առաջ է անցել դրանից: Հայաստանում քայքայվում է ընտանիքը, քայքայվում է մանկությունը: Տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ընտանեկան խեղված պատկերներ կան այսօր, երբ մարդիկ ֆիզիկապես Հայաստանում են, սակայն նրանց հոգեբանական վիճակն այլևս բացարձակապես բավարար չէ այդ մարդուն ստեղծագործ էակն ընկալելու համար: Ավելին, մնալով Հայաստանում` նա դառնում է բեռ թե պետության, թե հասարակության ուսերին ու խղճին: Իսկ հասարակությունն ու պետությունը ոչ միայն չունեն այդ ամենի նյութական լուծումները, այլ նաև հենց հոգեբանական, որպեսզի համարժեք օգնություն ցուցաբերեն՝ թեկուզ ժամանակավոր, մինչև կգտնվեն նյութական լուծումներ, որոնք տվյալ դեպքում այդ խորքային խնդրի հիմքն են կազմում: Հայաստանում արտագաղթից, դեմոգրաֆիական պատկերից շատ ավելի մտահոգիչը հենց այդ հոգեբանական պատկերն է:
Ընդ որում` այս խնդիրը նաև «ապագայում» է արդեն, որովհետև այն արտացոլվում է նաև հազարավոր երեխաների մոտ, նրանք դարձել են կրողները այն հոգեբանական ախտանիշերի, որ առկա են նրանց ծնողների մոտ դժվարին սոցիալական իրողությունների հետևանքով: Իսկ այդպիսի միջավայրերը եզակի չեն, լոկալ չեն, դրանք կազմում են ամբողջական բնակավայրեր:
Այն, որ այս ամենի լուծումները Հայաստանի թե իշխանությունը, թե հասարակությունը չունեն, ակնհայտ է: Իսկ դրանք պետք է գտնվեն առաջին հերթին, իհարկե, իշխանական դաշտում, քանի որ այստեղ է նյութական և ֆինանսական պատասխանատվության տիրույթը, այստեղ է սոցիալական արդարության խնդրի լուծման բանալիների տրցակը, որով առայժմ իշխանությունները միայն սեփական բարեկեցության դռներն են բացում: Սակայն պետք է լուծումներ լինեն նաև հասարակական դաշտում, որպեսզի հանրությունը կարողանա հոգեբանական աղետի մեջ գտնվող շրջանակներին որևէ աջակցություն ցուցաբերել իր ուժերով, այլապես իշխանությունների կամ անկարողությունը, կամ դիտավորյալ անտարբերությունը խաղում են պետության ճակատագրի հետ: Եթե հանրության մոտ չի ստացվում իշխանափոխությունը, միգուցե պետք է գոնե որակական առումով փոխել իշխանություններին, կամ ավելի ճիշտ կլինի ասել` փոխարինել հանուն հայրենակիցների, այն հայրենակիցների, որոնց համար կյանքը վերածվել է աղետի:
Այս տեսանկյունից շատ կարևոր են քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունները, որոնց պետք է միանան նաև քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները: Այստեղ կա բոլորի կոնկրետ գործի անհրաժեշտությունը` հանուն Հայաստանի, հանուն հոգեբանական աղետի մեջ հայտնված վաղվա քաղաքացիների: Ի վերջո, Հայաստանում կան տասնյակ հասարակական կառույցներ, հարյուրավոր կառույցներ՝ իհարկե իշխանությունների գրպանային և բյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ների մասին չէ խոսքը, որոնք ակտիվ են հասարակական հարցերում և փորձում են ինչ-որ բաներ անել ինստիտուցիոնալ լուծումների իմաստով: Պետք է այս ոլորտն էլ նրանք ներառեն իրենց գործունեության տիրույթ, փորձն ներգրավել նաև արտերկրի իրենց գործընկերներին ու դոնորներին և ինստիտուցիոնալացված լուծումներ ապահովեն հոգեբանական աղետի հաղթահարման համար, որ այսօր արտագաղթից ոչ պակաս, իսկ ըստ էության նաև գուցե ավելի ջլատել է Հայաստանի հասարակության պոտենցիալը:









































