Փորձագետ Ռուբեն Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից կարևորեց մի քանի առումներով. «Նախ՝ Գերմանիան Եվրամիության կարևորագույն պետություններից մեկն է, եթե չասենք՝ առաջինը: Երկրորդ՝ Գերմանիան Թուրքիայի հետ ունի խորը հարաբերություններ՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում, և Գերմանիայում են ապրում ամենամեծ թվով՝ մոտ 3 մլն թուրքեր: Եվ երրորդ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան եղել է Թուրքիայի դաշնակիցը: Եվ նույնիսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան համարվում էր Գերմանիայի չպատերազմող դաշնակիցը»:
Նրա խոսքով՝ սա թերևս այն եզակի բանաձևերից է, որում պետությունը նշում է նաև իր մեղքը. «Իսկ մեղսակցությունն արդեն իրավական կատեգորիա է և կարող է դիտարկվել այդ հարթությունում»:
Ինչպես նշեց փորձագետը՝ Գերմանիայի քաղաքական իմիջի մի մասն է կազմում հեշտությամբ իր մեղքն ընդունելն ու ինքնամաքրվելը, «ինչը կարող է հետաքրքիր օրինակ լինել առաջին հերթին՝ իր հանցակից Թուրքիայի համար: Սակայն այն, ինչ հեշտ է Գերմանիայի քաղաքական մտածողությանը, փաստորեն անհնարին է Թուրքիայի պարագայում»:
Այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանը առանձնապես ոգևորված չէ այս բանաձևի ընդունմամբ: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ֆոն է կամ մոտիվ՝ իրականացնելու այդ ինքնամաքրման քաղաքականությունը. «Նույնիսկ բանաձևի վերնագրի և բովանդակության մեջ կան բազմաթիվ հակասություններ»:
Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ թեև Հայկական հարցը պետությունների կողմից դառնում է քաղաքական առևտրի առարկա, ինչը գուցե թե բարոյական առումով ընդունելի չէ, բայց դա սովորական երևույթ է քաղաքական կամ քաղաքագիտական տեսանկյունից, և այստեղ գործի են դրվում սառը քաղաքական հաշվարկներ. «Ուստի զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանության խնդիրը մի մեծ խաղի մաս է կազմում»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Բունդեսթագի այս որոշումը հնարավորություն է տալիս արծարծել նաև այս խնդրի այլ ասպեկտները, մասնավորապես՝ Գերմանիայի հանցակցության հարցը:
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էրդողանին հասցեագրված և վրդովմունք առաջացրած նամակը Ռուբեն Մելքոնյանը համարում է թուրքական-արևելյան մտածողության դրսևորում, Արամ արքեսպիկոպոսը հավատարիմ է մնացել թուրքական տրադիցիաներին. «Պատմության ընթացքում և հատկապես Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ոչ մի հայոց պատրիարք կամ պատրիարքական փոխանորդ նման ոճի հայտարարություն չի արել: Նա իր հայտարարությամբ դեմ է գնում ամբողջ եկեղեցու տրամաբանությանը: Աթեշյանը փորձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»:











































