Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է թիվ 6718 օրենքը, որն առնչվում է պատգամավորների մի մասին անձեռնմխելիությունից զրկելուն:
Մայիսի 20-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության միջոցով ընդունվել էր սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 531 պատգամավոր, որոնցից 373-ը կողմ է քվեարկել փոփոխություններին, իսկ 138-ը` դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը` անվավեր:
Անձեռնմխելիությունից զրկելու մասին ավելի քան 25 դիմում ներկայացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների դեմ, ավելի քան 50-ը՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավորների, 45-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ), 7-ը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավորների դեմ:







































