Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ուղեղի սքանավորման միջոցով հնարավոր է պարզել, թե մարդն ինչ զգացմունքներ ունի, հաղորդում է raut-ը:
Հետազոտությունն անցկացրել են Փիթսբուրգի համալսարանի գիտնականները: Փորձարկմանը մասնակցել է 10 ուսանող: Պարզվել է, որ մարդկանց մոտ դիտարկվում է ուղեղի ակտիվության զարմանալի նմանություն, երբ նրանք միևնույն զգացմունքներն են ունենում: Համակարգչային մոդելավորումը կարողացել է կանխագուշակել, թե ինչպես է մարդն իրեն զգում` հիմնվելով ուղեղի սքանավորման ցուցանիշների վրա:
Նախատեսվում է, որ ստացված տվյալները կարող են կիրառվել հոգեկան հիվանդներին բուժելու նպատակով: Նման բացահայտումը կարող է հնարավորություն ընձեռել տեսնել զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց ենթագիտակցությունը:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է մարդկային զգացմունքների ուսումնասիրության լիովին նոր մեթոդ, որը կապված չէ բառային գնահատման հետ:
Փորձարկմանը մասնակցող ուսանողներին խնդրել են արտացոլել զգացմունքային 9 վիճակ` զայրույթ, զզվանք, նախանձ, վախ, երջանկություն, կիրք, հպարտություն, թախիծ, ամոթ: Համակարգիչը 84% ճշգրտությամբ պարզել է փորձի մասնակցների զգացմունքները:





































