ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ ծովում գտնվող ավիակիրների քանակը 2012թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ հասել է 6-ի: Այս մասին գրում է Defense News-ը:
Պարբերականը նշում է, որ ներկայումս նավատորմն ունի 4 լրիվ տեղակայված ավիակիր հարվածային խմբեր, ևս երկու նավ զբաղված են մասնավոր առաջադրանքներ կատարելով:
Ճապոնական Յոկոսուկիից դուրս է եկել «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի խումբը, ԱՄՆ արևելյան մերձափնյա տարածքում գտնվում է «Դուայթ Էյզենհաուերի» խումբը, «Հարի Թրումենի» միավորումը գործում է արևելյան Միջերկրածովյան տարածքում, իսկ «Ջոն Սթենիսինը»՝ Հարավչինական ծովում:
«Կառլ Վինսոն» և «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրները գտնվում են ԱՄՆ արևմտյան և արևելյան մերձափնյա տարածքում համապատասխանաբար՝ իրականացնելով ուսումնամարզական առաջադրանքներ: Թվով 7-րդ «Ջորջ Բուշ» ավիակիրը մարտական պատրաստության նպատակով ծով դուրս կգա հունիսին: