Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը: Օրերս 15 ԶԼՄ-ների ղեկավարներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ են անում պատկան մարմիններին փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության և գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի համար հասկանալի է խմբագիրների նման համատեղ հայտարարությունը, որը միանշանակ ուղղված է մեդիա դաշտի առողջացմանը, սակայն նկատում է նաև, որ օրենսդրական փոփոխությամբ բարձրաձայնված խնդիրները լուծում չեն ստանա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ լրագրողական դաշտում առկա խնդիրները ամբողջությամբ հնարավոր է կարգավորել գործող օրենսդրությամբ, մնացյալ դեպքերում լրագրողական համայնքը պետք է ղեկավարվի էթիկայի նորմերով:
Մելիքյանի դիտարկմամբ՝ լրատվական դաշտը առողջացնելու համար չափազանց կարևոր է տարանջատել օրենսդրական դաշտում և դրանից դուրս գործող լրատվամիջոցներին, ինչը նաև պահանջում են լրատվամիջոցների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ:









































