Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը տարբերվելու է նախորդներից, քանի որ համապատասխան գերտերությունների մոտ էլ քաղաքական կամք է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Պարզապես մենք պետք է նկատի ունենք, որ մեր հակառակորդն անկանխատեսելի է, և մենք նախորդ տարիների ընթացքում երբեք չենք տեսել, որ հակառակորդն իր տված խոստումները պահպանի: Ես կարծում եմ, որ պետք են այլ մոտեցումներ: Եթե Ադրբեջանը հերթական անգամ գնա սադրանքների, ապա պետք է լինեն հասցեական գնահատականներ, մեզ հետ համագործակցող երկրները պետք է համապատասխան գնահատական տան Ադրբեջանի գործողություններին և միջազգային հանրությանը տեղյակ պահեն, թե իրականում ով է ագրեսորը», – նշեց Վ. Բաղդասարյանը: Նա հավելեց, որ հայկական կողմը երբեք չի ցանկանում, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծվի և հիշեցրեց, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Անդրադառնալով դիտարկմանը այն մասին, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցներից՝ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ պատրատվում է ստորագրահավք սկսել՝ Սամվել Բաբայանին ԼՂՀ Պաշտպանության նախարար նշանակելու համար, և այսօր նա ծեծի է ենթարկվել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ստորագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում: Ես բարձր եմ գնահատում մեր բոլոր հերոսներին, ինչպես նաև Սամվել Բաբայանին, բայց հավաքներով, խմբերով նման խնդիրներ չեն կարգավորվում»:
«Ես չեմ կարծում, որ ԼՂՀ իշխանությունների կողմից նման նախաձեռնություն լինի, և դա նույնիսկ ծիծաղելի եմ համարում»,- նշեց Վ. Բաղդասարյանը՝ հավաստիացնելով, որ պատկան մարմինները հետաքննություն կկատարեն, և դեպքի իսկությունը կպարզվի:
Մանրամասները՝ տեսանյութում: