Աղբամանում խորը քնած կինը հայտնվել էր աղբատար ավտոմեքենայի մեջ: Հասկանալի չէ, թե ինչպես, բայց նա ողջ է մնացել աղբի սեղմման ժամանակ: Այդ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Արիզոնա նահանգում:
38-ամյա անտուն Ջեսիկա Բունյարը հանգիստ քնած է եղել աղբամանում, երբ Copper State Sanitation ընկերության աղբատար ավտոմեքենան տարել է նրա «տունը» և դրա պարունակության հետ նաև իրեն դատարկել աղբահավաքի թափքում: Բունյարը հայտնվել է թակարդի մեջ: Կինը ոչինչ չի կարողացել անել, քան ճանապարհորդել «երկաթե հրեշի որովայնով»:
Փրկարար ծառայության աշխատակիցը հայտնել է, որ աղբահավաքի վարորդը հասկացել է, որ բեռնախցիկում աղբից ավելի խոշոր ինչ-որ բան կա, երբ արդեն ողջ աղբը մոտ տասն անգամ սեղմվել էր:
Վարորդը փրկարարների ու բժիշկների է կանչել: Կնոջը տարել են հիվանդանոց. չնայած մեջքի վնասվածքներին՝ նրա վիճակը կայուն է:










































