Հունիսի 23-ին լրանում է սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան քառասուն օրը: Թե ինչ էր իրականում տեղի ունեցել մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում, դեռ ամբողջովին բացահայտված չէ: Ըստ նախնական վարկածի՝ շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել էր շարքային Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ 19-ամյա Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ծանր վիրավորվել էր: Ինչն է եղել զինծառայողների միջև վիճաբանության առիթը, դեռ պարզ չէ, վարկածները շատ են: Դրանցից մեկի համաձայն՝ վեճը սկսվել է «պզուկ» բառից, իբր Լյուքս Ստեփանյանն այդպես է անվանել Դավիթ Խաչատրյանին, վերջինս ասել է, որ չվիրավորի իրեն, ի պատասխան Լյուքսն ասել է՝ կարող ա կրակե՞ս, չկրակողի՞… Դավիթ Խաչատրյանը կրակել է…
Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմում է, որ դեպքի առաջին օրը հարազատներին ասել են, որ Դավիթ Խաչատրյանը Հրաչյա Սարգսյանի հետ է վիճաբանության մեջ եղել. «Դավիթը ժամ է հարցրել, Հրաչյան ասել է՝ դու ո՞վ ես, որ ես ժամ պատասխանեմ։ Թե հիմա ինչ ձևով է ասել… Նույնը մեզ պատմեցին հիվանդանոցում»,- ասաց Աշխարհիկ Ստեփանյանը: Սակայն մի քանի օր առաջ Աշխարհիկ Ստեփանյանին Զինված ուժերից տեղակցրել են, որ Լյուքսի հետ է վիճաբանություն ծագել։ «Ասում եմ՝ ինչպես կլինի այդպես, որ հարազատներին նախ ուրիշ բան են ասում, հիմա էլ այսպես են ասում։ Հիմա, որ Լյուքսն այլևս չկա, ամեն ինչ դնում են Լյուքսի վրա»,- ասաց նա:
Ինքը՝ Հրաչյան, գիտակցության գալուց հետո կատարված միջադեպից որևէ բան չի հիշում: Հիշում է, որ այդ օրը «կարաուլի» են եղել, և որ զինծառայող ընկերների՝ Լյուքսի և Դավիթի հետ լավ հարաբերություններ է ունեցել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, նշեց, որ որդին այս ընթացքում միշտ գոհ է եղել ծառայությունից, երբևէ որևէ դժգոհություն չի ունեցել ո՛չ սպայական, ո՛չ հրամանատարական կազմից: «Այս ընթացքում այդ թեմայով պատահել է, որ զրուցել եմ, բայց ոչ մի բան չի հիշում»,- հավելեց Վաղինակ Սարգսյանը, ով նաև նշեց, որ շատ գոհ է բժիշկների ուշադրությունից՝ հոգատար են և հետևողական: Կարմիր խաչի հիվանդանոց որդուն տեղափոխելու են վերքի վերջնական ապաքինման դեպքում: «Երեկ վերջնական մշակել են վերքը, այսօր կվիրակապեն, մյուս շաբաթ հավանաբար կտեղափոխեն Կարմիր խաչ»,- ասաց նա:
Հրաչյա Սարգսյանի ձախ կողմը կաթվածահար է, այս օրերին դրական մի փոքր տեղաշարժ է նկատվում, բայց այնքան մեծ չէ, որ ծնողներին ուրախանալու առիթ տա:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լյուքս Ստեփանյանի թաղման օրը խոստացավ գործը հնարավորինս արագ բացահայտել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Օրերս պաշտոնանկ եղան Նոյեմբերյանի զորամասի տվյալ գնդի հրամանատարի տեղակալը, անձնակազմի գծով տեղակալը, շտաբի պետը, դիվիզիոնի հրամանատարն ու իր 2 տեղակալները, պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը դեռ քննարկման փուլում է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ գործը նախաքննության փուլում է, դեռևս միակ մեղադրյալը Դավիթ Խաչատրյանն է:
Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն գործելը, դիտավորությամբ կյանքից զրկելը՝ շատերի համար վտանգավոր եղանակով) և Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), ընդ որում՝ առաջին հոդվածով 3-7 տարի, իսկ երկրորդով՝ 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում է հասնում:
Զորամասի վեց հոգու պաշտոնանկությունն, Աշխարհիկ Ստեփանյանի խոսքերով, որևէ բան չի ասում, պետք է բացատրություն տան՝ սպայից մինչև այն զինվորը, որը ներկա է եղել կատարվածին: Հարցրեցինք, թե Աշխարհիկ Ստեփանյանը գիտի՞, որ Դավիթին ցմահ ազատազրկում է սպառնում, և ինչ կարծիքի է այդ կապակցությամբ։ «Ես Դավիթին չեմ մեղադրում, ես մեղադրում եմ, որ մեր զինուժը չի գործում, ասում է՝ վեց հոգու ազատել են, մեկ հոգու վրա դատ են բացում, բայց սկսած կամանդիրից մինչև ներկա եղած վերջին զինվորը պետք է բացատրություն տան»,- պատասխանեց նա:
Աշխարհիկ Ստեփանյանը նշեց, որ Լյուքսի հրամանատարի հետ այդպես էլ չի հանդիպել: Հոր մոտ հարց է առաջանում՝ իր որդին տասնմեկ ամիս ծառայել է, ինչու՞ մեկ անգամ նրան չեն թողել արձակուրդ գալ. «Պոստերից եկել է, իմ երեխուն երկու անգամ խաբել են, օտպուսկ են ասել կտամ, երկու ժամով անգամ չեն թողել հարազատների հետ խոսելու համար»։
Նա նաև տարակուսանք հայտնեց, թե ինչպես է, որ Հրաչյա Սարգսյանն ամեն ինչ հիշում է, բայց տվյալ օրվա միջադեպից ոչինչ չի հիշում։ «Մի՞թե նման բան հնարավոր է»,- ասաց նա:
Հավելենք, որ 19-ամյա Լյուքս Ստեփանյանը սովորում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում՝ բարձր առաջադիմությամբ, մեծ նպատակներ ուներ, երազում էր գլխավոր դատախազ դառնալու մասին…







































