Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ Մելքոնյանի և Վարդգես Զազյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 23-ի սահմաններում Վարդգես Զազյանն իր մեքենայով կանգնած է եղել Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Այրիվան» խանութի դիմաց ու ցանկացել է դուրս գալ ճանապարհի երթևեկելի մաս:
Հենց այդ պահին մեկ ուրիշ գավառցի՝ Գևորգ Մելքոնյանը իր մեքենայով անցել է Վարդգեսի մեքենայի կողքով ու բախումից խույս տալու համար ձայնային ազդանշան է հնչեցրել:
Որոշակի շրջանակներում ձայնային ազդանշանի նման հնչեցումը վիրավորանք է համարվում, ըստ երևույթին: Ահա թե ինչու Վարդգեսը Գևորգի մեքենայի հետևից լուսային ազդանշան է «հեռարձակել» ու նրան կանգնեցրել Գավառի բժշկական կենտրոնի դիմաց:
Վարդգեսն իջել է իր մեքենայից, մոտեցել Գևորգին, նրան ևս իջեցրել մեքենայից ու փորձել է պարզաբանել ձայնային «անհարգալից» ազդանշան տալու բուն պատճառը: Գլխավոր հարցադրումն այն էր, թե արդյոք ազդանշանը չէր հնչեցվել Վարդգեսի նկատմամբ Գևորգի ունեցած վատ տրամադրվածության պատճառով:
Գևորգը վրդովվել է, հայհոյանք հնչեցրել իր նկատմամբ վատ տրամադրվածություն ունեցող ընդհանրական մարդու հասցեին:
Կիսավերացական նման հայհոյանք է արտաբերել նաև Վարդգեսը և անմիջապես Գևորգին ասել, թե նա հենց վատ տրամադրվածության պատճառով է մեքենայի ազդանշանին հուպ տվել: Հայհոյանքները կոնկրետ հասցեատերեր են ձեռք բերել:
Գևորգ Մելքոնյանը, ըստ մեղադրանքի, առաջարկել է պարզաբանումը շարունակել քաղաքից դուրս, չնայած բժշկական կենտրոնին մոտ լինելը ավելի անհրաժեշտ էր փոխադարձ մարտական տրամադրվածության ու ծավալվող անկանխատեսելի իրադարձությունների պարագայում:
Կողմերը իրենց մեքենաներով գնացել են Գավառի «Բուդագոյնի» կոչվող տարածք:
Ճանապարհին Վարդգես Զազյանը զանգահարել ու կանչել է եղբորը՝ Կարենին, և ընկերոջը՝ Դավիթին:
Գևորգ Մելքոնյանն իր հերթին Վարդգես Զազյանին սպասել է ճանապարհի ձախ հատվածի դաշտում իր ընկեր Արթուրի և Վարդգեսի ընկեր Տարոնի հետ:
Վարդգեսը եղբոր և ընկերոջ հետ «Մերսեդեսով» գնացել է Գևորգ Մելքոնյանի հետևից:
Ըստ մեղադրանքի՝ «Մելքոնյանի կողմից ձայնային ազդանշան տալու չնչին առիթն օգտագործելով՝ ներքին բավականության զգացումով և սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքով» Վարդգեսը մոտեցել է ու իր մոտ պահվող գազային ատրճանակով 7-8 սմ հեռավորությունից խուլիգանական դրդումներով երեք անգամ կրակել է Գևորգ Մելքոնյանի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Այս երեք կրակոցներից վնասվածք ստացած, արդեն իսկ տուժած Գևորգը նստել է իր «ՎԱԶ-21021» ավտոմեքենան, աջ նստատեղի ձախակողմյան հատվածից վերցրել ծալովի դանակն ու, առաջադրված մեղադրանքի համաձայն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ հասցրել Կարեն Զազյանի մարմնի կենսական նշանակություն ունեցող հատվածներին՝ պարանոցին ու որովայնին:
Կարեն Զազյանը, բարեբախտաբար, ժամանակին տեղափոխվել է բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն և փրկվել:
Գևորգ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, իսկ Վարդգես Զազյանին՝ դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:












































