Կանադան կարծում է, որ չի կարելի խաղաղության մասին բանակցություններ անցկացնել աֆղան թալիբների հետ, որոնք չեն ցանկանում վայր դնել զենքը: Այս մասին CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է պաշտպանության նախարարի խորհրդարանական քարտուղար Քրիս Ալեքսանդերը, որը նախկինում զբաղեցրել է Քաբուլում Կանադայի դեսպանի պաշտոնը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ չի կարելի միաժամանակ բանակցություններ և մարտեր իրականացնել: Կանադայի ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ «Թալիբանը» պետք է ճանաչի, որ ռազմական ուժի կիրառմամբ իշխանության չի վերադառնա:
«Ինչպե՞ս կարելի է ասել, որ հաշտեցման գործընթացը հաջող է ընթանում, երբ մենք գիտենք, որ թալիբները շարունակում են պայքարել և ահաբեկչությունների լայնամասշտաբ արշավ իրականացնել: Ահա թե ինչու ենք մենք մայիսին նրանց ներառել ահաբեկչական խմբավորումների շարքում»,- ասել է Քրիս Ալեքսանդերը:
Ներկայում Աֆղանստանում է գտնվում մոտ 9000 կանադացի ռազմական հրահանգիչ, որոնք տուն կվերադառնան 2014-ի մարտի վերջին: Նրանք մարտերին չեն մասնակցում:
Աֆղանական պատերազմի 10 տարիներին զոհվել է 158 կանադացի զինծառայող, ավելի քան 2000-ը ստացել են վնասվածքներ: Այդ ռազմական օպերացիան կանադացի հարկատուներին արժեցել է 11.3 մլրդ դոլար:






































