Չորեքշաբթի Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում հրաձգություն կազմակերպած տղամարդու տանը հայտնաբերել են զոհերի ցուցակ, որը քննիչներին տարել է ևս մեկ սպանության վայր, որտեղ հայտնաբերվել է սպանված կնոջ մարմին: Գտնված ցուցակի մասին պատմել է քաղաքի ոստիկանապետ Չարլի Բեքը KTLA-TV հեռուստաալիքի եթերում: Նա նաև նշել է հրաձիգի անունը՝ Մինեսոտայի բնակիչ Մայնաք Սարքար:
Բեքը հայտարարել է, որ Սարքարը հատուկ գնացել է համալսարան զենքով՝ մինչ այդ կազմելով զոհերի ցուցակը, որում եղել է նաև իր կողմից սպանված պրոֆեսոր Ուիլյամ Քլագի անունը:
Ցուցակում եղել է նաև Մինեսոտայում Սարքարի տնից ոչ հեռու ապրող կնոջ անուն: Նրա հասցեով գնալով՝ ոստիկանները կնոջը սպանված են գտել:
Սարքարի ցուցակում նշված է եղել համալսարանի ևս մեկ դասախոսի անուն, որին նա, ըստ ամենայնի, չի հասցրել սպանել. Ուիլյամ Քլագին սպանելուց հետո Սարքարն ինքնասպան է եղել:
Համալսարանի կայքի ցուցակում Սարքարը նշված է որպես կենսամեխանիկայի հետազոտական խմբի անդամ: Խումբը ղեկավարել է նրա կողմից սպանված Քլագը: Ոստիկանապետի խոսքով՝ մարդասպանի դրդապատճառը կարող էր կապված լինել այն բանի հետ, որ նա կարծել է, թե իբր Քլագը գողացել է իր մտավոր սեփականությունը՝ համակարգչային կոդ, որը հետագայում օգտագործել է իր մշակման մեջ:
Չարլի Բեքը նաև ենթադրություն է հայտնել, որ Սարքարը տառապել է հոգեկան խանգարմամբ:
Չորեքշաբթի Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի ինժեներության և կիրառական գիտությունների ֆակուլտետի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է երկու մարմին՝ պրոֆեսոր Քլագին և հրաձիգին: Համալսարանի տարածքում ուրիշ ոչ ոք չի տուժել:








































