Բրազիլիայի համանուն մայրաքաղաքում բողոքի ակցիաների ընթացքում հինգշաբթի տուժել է երկրի ԱԳՆ գլխավոր շենքը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երբ ցուցարարներն արդեն սկսել են ցրվել վարչական կենտրոնից, արմատական տրամադրություններով մի խումբ երիտասարդներ փորձել են գրոհել ԱԳՆ շենքը: Նշենք, որ Բրազիլիայի ԱԳՆ շենքը համարվում է համաշխարհային նշանակության ճարտարապետական հուշարձան, այն նախագծել է բրազիլացի Օսկար Նիմերեյը:
ԱԳՆ շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանները նրանց դեմ կիրառել են մահակներ ու արցունքաբեր գազ: Տեսառեպորտաժից պարզ է դառնում, որ շենքի մի քանի ապակիներ ու ապակե դռներ կոտրվել են: Ձերբակալվել է երկու մարդ, մոտ 10-ը ստացել են վնասվածքներ:
Ավելի վաղ ցուցարարներն անհաջող փորձ են արել ներխուժել խորհրդարանի շենք և նախագահակաան պալատ: Արդեն մի քանի օր է՝ երկրում ժողովրդական հուզումները չեն դադարում: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում վատ կենսապայմանների ու երկրի կողմից առաջիկա մարզական ծախսատար միջոցառումների դեմ:










































