ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը համաձայնվել է աջակցել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած տարի Ռայանը հրաժարվում էր աջակցել Թրամփին և հայտարարում էր, որ նախագահի թեկնածու պետք է դառնա մարդ, որն ավելի խորն է կիսում Հանրապետական կուսակցության արժեքները: Սակայն մայիսին Թրամփը և Ռայանը հայտարարել են, որ պատրաստ են միավորել ջանքերը:
Այժմ Ռայանը սյունակ է գրել իր հարազատ Վիսկոնսին նահանգի թերթում, որում նշել է, որ կքվեարկի Թրամփի օգտին: Նա նաև հայտնել է, թե ինչու է փոխել իր կարծիքը որպես նախագահ Թրամփի հեռանկարների վերաբերյալ:
Ռայանի խոսքով՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ինքը, ինչպես նաև շատ այլ հանրապետականներ Թրամփի հետ համակարծիք չեն առանձին հարցերում: Սակայն խոսնակը կարծում է, որ հարցերը, որոնցում իրենց կարծիքները համընկնում են, զգալիորեն ավելի շատ են:
Ռայանը նաև նշել է, որ Թրամփի ընտրվելու դեպքում կուսակցությունը կունենա նախագահ՝ պատրաստ ստորագրելու նրա առաջարկած օրենքները: Իսկ դեմոկրատ թեկնածուի ընտրվելու դեպքում հանրապետականները չեն կարողանա օգտագործել իրենց մեծամասնությունը կոնգրեսում:
Ռայանը համոզված է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է միավորվի մարդու շուրջ, որը նրա կողմից կառաջադրվի նախագահի պաշտոնում:







































