Georgia Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հրավերը և կայցելի Վրաստան:
Մերկելն այդ մասին հայտարարել է Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և դրանից Վրաստանի ակնկալիքների կապակցությամբ:
Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է. «Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի որոշումը ինչ-որ «կանաչ լույս» կհանդիսանա Ռուսաստանի հավելյալ ագրեսիայի համար:
Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ Վրաստանի ավելի ինտենսիվ ու կարգավորված հարաբերություններն արժանի են աջակցության: Մենք տեսնում ենք այն առաջընթացը, որն առկա է Վրաստանում:
Մենք տեսնում ենք նաև Վրաստանի ջանքերը. ես նկատի ունեմ խաղաղապահ առաքելություններին վրացի զինվորականների մասնակցությունը: ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ մենք պետք է որոշենք, թե ինչպես ընդգծենք, որ Վրաստանը լավ գործընկեր է:
Կարծում եմ, որ MAP-ից (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան) բացի՝ գոյություն ունեն նաև այլ միջոցներ, որպեսզի մենք արտահայտենք դա»:










































