Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլյարայգոսան դրամահավաք է սկսում մասշտաբային արշավի համար՝ ուղղված Թրամփի դեմ, որպեսզի թույլ չտրվի նրա հաղթանակը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին նախկին քաղաքագլուխը հայտարարել է կալիֆոռնիական Սակրամենտոյում կայացած մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է TASS-ը:
«Սկսած այս պահից մինչև նոյեմբեր ես կկենտրոնացնեմ իմ բոլոր ջանքերը Թրամփին կանգնեցնելու վրա»,- ասել է նա։ Վիլյարայգոսայի խոսքով՝ իր արշավում, որը ստացել է «Կառուցելով կամուրջներ, այլ ոչ թե պատեր» անվանումը, նա մտադիր է ստանալ ներգաղթյալների ու լատինաամերիկյան բնակչության ներկայացուցիչների աջակցությունը Կալիֆոռնիա, Արիզոնա, Նևադա և Ֆլորիդա նահանգներում։ Նախկին քաղաքապետը համոզված է, որ նրանց օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի Թրամփին զրկեն ձայների զգալի մասից։
«Հեռանկարը, որ Թրամփը կդառնա նախագահ, սարսափեցնում է ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին»,- նշել է Վիլյարայգոսան՝ միլիարդատիրոջը անվանելով «ռասիստ և կնատյաց»։ Նախկին քաղաքապետը, ում հայրն ԱՄՆ էր գաղթել Մեքսիկայից, առաջինն է նվիրատվություն կատարել նորաստեղծ արշավի հիմնադրամին՝ տրամադրելով 1000 դոլար։






































