Պետդեպը խոստովանել է, որ իր կայքում պահվող արխիվից Իրանի հետ բանակցությունների մասին ամենօրյա ճեպազրույցի մի մասը միտումնավոր ջնջվել է։ Ճեպազրույցը վարել էր գերատեսչության այն ժամանակվա պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին։ Սակայն պարզել, թե ով է նման հրաման տվել, այդպես էլ չի հաջողվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սկզբում գերատեսչությունում տեղի ունեցածը բացատրել էին տեխնիկական խափանումով։
Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 2-ի ճեպազրույցի մասին է։ Պսակին, պատմելով միջուկային ծրագրով Վաշինգտոնի ու Թեհրանի բանակցությունների մասին, հաստատել է, որ այդ բանակցություններն անցկացվել են գաղտնի։ Նա փաստացի դրանով իսկ խոստովանել է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք մինչ այդ մամուլին շփոթության մեջ են գցել՝ հերքելով բանակցությունների փաստը։
«Պարզվել է, որ արվել է հատուկ հայց՝ կտրելու ճեպազրույցի այդ հատվածը։ Մենք չգիտենք՝ ով է տվել տեսանյութը խմբագրելու հայցը և ինչու է դա արվել»,- ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Նրա խոսքով՝ խմբագիրը, ով կտրել է ձայնագրությունը, հղում է անում հրամանին, որը հեռախոսով ստացվել է մամլո ծառայության աշխատակիցներից մեկից։ Սակայն թե կոնկրետ ով է զանգահարել՝ մասնագետը 2.5 տարի անց հիշել չի կարողանում։
Կիրբին պարզաբանել է, որ ճեպազրույցների տեսագրությունների մշակման հաշվով հատուկ կանոններ չկան, այդ իսկ պատճառվ հարկ չկա խոսել որևէ խախտման մասին։ Դրա հետ կապված որևէ հավելյալ հետաքննություն չի անցկացվի։ Սակայն նա հավելել է, որ մտադիր է փոխել առկա կարգը, որպեսզի նման իրավիճակներ այլևս չկրկնվեն։










































