Իրավական հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովն առաջարկել է ձայների մեծամասնությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, որը ասամբլեայի անդամ է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամլո ծառայությանը:
Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը Եվրախորհրդարանում քվեարկության կդրվի հուլիսի 2-ին՝ ասամբլեայի լիագումար նիստի շրջանակում:
Եթե նման որոշում ընդունվի, ապա կուսակցության առաջնորդը կարող է դատարանի առջև կանգնել ռասայական ատելության հրահրման գործով:
2010-ի դեկտեմբերին նա Լիոնում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս փողոցներում աղոթող մուսուլմանների աճող թիվը համեմատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի հիտլերյան օկուպացիայի հետ:
Նրան հաջողվել էր խուսափել դատական հետապնդումից, քանի որ ուներ Եվրախորհրդարանի պատգամավորի կարգավիճակ:
Նա Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2004-ին, վերընտրվել 2009-ին:









































