«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
– Պարոն Իսագուլյան «օֆշորային եռյակի» անդամ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում… Վերջինս դատախազությանը և hetq.am-ին նամակ է գրել, որի համաձայն՝ ինքն է Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունով բաժնեմասեր գրել՝ առանց նրանց գիտության: Ձեր կարծիքով՝ դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
– Անմեղության կանխավարկածը ենթադրում է նաև, որ քրեական հանցագործություն կատարած անձի ինքնախոստովանության պարագայում նույնիսկ անպայման անհրաժեշտ են այլ ապացույցներ ևս՝ նրա մեղքը հաստատելու համար, առավել ևս, եթե այդ խոստովանական ցուցմունքը գրվել է մեզ համար անհայտ պայմաններում և հանգամանքներում: Աշոտ Սուքիասյանը լավ կաներ ինքնակամ ներկայանար, և այն խնդիրները, որոնց մասին գրել է իր նամակում, անձամբ ներկայացներ դատախազությանը, բայց նույնիսկ այս պարագայում Աշոտ Սուքիասյանը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, քանզի ըստ գրածի՝ նա առանց համաձայնեցման՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անուններն օգտագործել է օֆշորում կազմակերպություն գրանցելիս, իր խոսքերով. «Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ, և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: Նախ՝ նամակի բովանդակությունից պարզ չէ, թե որքանով է վերը նշված անունների օգտագործումն օգնել Աշոտ Սուքիասյանին՝ իր բիզնեսը զերծ պահելու տարբեր «ոտնձգություններից», և երկրորդ՝ ի՞նչ կապ ունի նամակի ամբողջ բովանդակությունը նամակի վերջին երեք պարբերությունների հետ:
– Ի՞նչ եք կարծում՝ եթե անգամ Տիգրան Սարգսյանը կապ չունի այս պատմության հետ, ինչի՞ հետևանք է այն, որ ցանկացած մարդ կարող է վարչապետի փաստաթղթերով նման բան անել… Ի վերջո, սա նաև երկրի անվտանգության խնդիր չէ՞:
– Ազգային՝ այս պարագայում… Առավել ևս պետական անվտանգության տեսանկյունից՝ մենք պարտավոր ենք այս հարցի նկատմամբ ցուցաբերել շահագրգիռ մոտեցում և փորձել մինչև վերջ բացահայտել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Արդյո՞ք սա ոմն անպատասխանատու անձի լկտիության արդյունք է, թե՞ հատուկ նպատակով է օգտագործվել Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների անունները՝ մեր հասարակության, և ինչու չէ՝ նաև միջազգային ասպարեզում նսեմացնելու համար: Կուզենայի ճիշտ ընկալվել: Հարցը Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը չեն, նրանք իմ ընկերներն են, որի մասին ես բազմիցս նշել եմ, բայց խոսքը գնում է ՀՀ վարչապետի և Արարատյան թեմի առաջնորդի մասին, և այստեղ անպայման պետք է հստակություն լինի: Այլապես մենք երաշխիք չենք ունենա, որ ինչ-որ մեկը նույնպես իր բիզնեսը ոտնձգություններից զերծ պահելու համար չի օգտագործի ՀՀ նախագահի և Վեհափառ հայրապետի անունները:
– Եթե անգամ հաջողվի ապացուցել, որ Տիգրան Սարգսյանն այս պատմության հետ որևէ կապ չունի, Ձեր կարծիքով՝ արդյոք այս սկանդալին չպե՞տք է հաջորդի նրա հրաժարականը՝ պետության հանդեպ հասարակության վստահությունը վերականգնելու համար գոնե:
– Մենք իրավունք չունենք ստեղծելու սկանդալային հրաժարականների նախադեպ: Մեր խնդիրն է՝ ազգային ու պետական շահի տեսանկյունից, ցանկացած երևույթի պարագայում՝ կլինի այն սկանդալային, թե ոչ, պարզել, թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը, և միայն դրանից ելնելով՝ կատարել գործողություն, ընդ որում՝ այդ գործողությունը, առանց նախապատվության, պետք է համարժեք լինի երևույթին, որը դարձել է հասարակության իմացության կամ քննարկման առարկա: Հավատացեք, որ մեր հասարակությունն այսօր, առավել քան երբևէ, ցանկանում է մեկ բան, որ բոլորը և հատկապես պետական պաշտոնյաները պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար, և ցանկացած հակաօրինական գործունեության կամ գործողության համար կրեն օրենքով նախատեսված պատիժ: Պետության գոյության և նրա նկատմամբ հավատի միայն մեկ իրական երաշխիք կա՝ պետությունն իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների երաշխավորն է և նրա անաչառ պաշտպանը:









































