2016 թվականի առաջին կեսին Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են մահապատժի ենթարկել ավելի քան 100 մարդու։ Այս մասին հայտարարել են Amnesty International կազակերպության իրավապաշտպանները՝ փոխանցում է The Independent-ը։
«Մահապատիժների թիվը Սաուդյան Արաբիայում կտրուկ աճում է արդեն երկու տարի, և այդ սարսափելի միտումը դանդաղման նշաններ ցույց չի տալիս»,- հայտարարել է Amnesty International-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով բաժնի փոխնախագահ Ջեյմս Լինչը։
Նա նշել է, որ այդ միտումն էլ ավելի տագնապալի է՝ հաշվի առնելով թագավորության դատական համակարգի թերությունները։ «Հաճախ մարդկանց մահվան են դատապարտում ակնհայտ անարդար գործընթացներից հետո»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է անհապաղ մորատորիում սահմանեն մահապատիժների վրա։
2015 թվականը ռեկորդային է դարձել մահապատիժների թվով։ Դատարանի վճռով 158 մարդ է սպանվել։ Մեծամասնությունը գլխատվել է թրով կամ գնդակահարվել։ Երբեմն մահապատժի ենթարկվածների մարմիններն ի ցույց են դրվել հանրությանը։
Ամենից հաճախ թագավորության քաղաքացիները մահապատժի են դատապարտել սպանության և թմրահանցագործությունների համար, չնայած երկրի օրենքները նման պատիժ են սահմանում ամուսնական դավաճանության, հավատուրացության, կախարդության և աստվածանարգության համար։







































