Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր ոչ պաշտոնական կայքին, որում անդրադարձել է ապրիլյան պատերազմին, դրանից հետո ստեղծված վիճակին և պատճառներին:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կարծես թե որոշակիորեն անսպասելի զուսպ է ստացվել՝ առանց ընդգծված կամ կտրուկ մեսիջների: Հարցազրույցում առկա քաղաքական ենթատեքստերից այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը փորձում է որոշակիորեն մանևրել Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի միջև: Դրա մասին են վկայում մի քանի շեշտադրումներ: Օրինակ՝ Քոչարյանը փաստացի աջակցություն է հայտնում ապրիլյան պատերազմի հետևանքով կորսված դիրքերի հարցում Սարգսյանի դիրքորոշմանը՝ ասելով, որ թեև Ադրբեջանը վերցրել է մի քանի դիրք, բայց չի լուծել ռազմավարական խնդիր: Ռոբերտ Քոչարյանը չի միանում այն կոշտ գնահատականներին, որ դիրքային այդ կորստի վերաբերյալ տալիս են հանրային տարբեր շրջանակներ:
Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ երկրորդ նախագահը զերծ է մնում ռուսական սպառազինության մատակարարման խնդիրների պատասխանատվությունը Հայաստանի իշխանության վրա ամբողջությամբ դնելուց՝ ասելով, որ իրեն հայտնի չէ, թե ինչ ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ իշխանությունները, և ինքը զերծ կմնա գնահատականից:
Փաստորեն, սրանով Ռոբերտ Քոչարյանը որոշակիորեն կիսում է պատասխանատվությունը և այն, համենայնդեպս՝ ոչ պակաս կերպով, դնում Ռուսաստանի վրա: Այսինքն՝ բաժանում է պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի միջև:
Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով ՀԱՊԿ վերաբերյալ հարցին, այդ կառույցը ըստ էության գնահատելով ֆիկցիա՝ այդուհանդերձ, ակնարկում է, որ Հայաստանը պետք է համակերպվի դրան հանուն ՌԴ հետ հարաբերության: Սրան զուգահեռ՝ շատ ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը շրջանցում և բաց է թողնում նույն հարցի շրջանակում ԵՏՄ բաղադրիչը, չի պատասխանում հարցում հնչած այդ բաղադրիչին՝ դուրս պե՞տք է գալ ԵՏՄ-ից, թե՞ ոչ: Եվ հարց է առաջանում՝ նա լռության է մատնում դա որպես համաձայնությա՞ն նշան, թե՞ պարզապես խուսանավում է դիրքորոշում արտահայտելուց, քանի որ դա կողմ դիրքորոշումն է, ինչը, սակայն, հնարավոր չէ հիմնավորել այն փաստարկով, որը բերվում է ՀԱՊԿ դեպքում: Եթե, իհարկե, ՀԱՊԿ դեպքում բերվող փաստարկն էլ հնարավոր է համարել հիմնավոր:
Ուշագրավ է Քոչարյանի դիտարկումը այն մասին, թե ինչու նա չի նախաձեռնել Սերժ Սարգսյանի հետ հանդիպում: Քոչարյանն ասում է, որ չի արել այդ քայլը, որովհետև տեսել է, որ իշխանությունն իրավիճակն օգտագործում է ներքաղաքական նպատակներով: Սա ակնա՞րկ է Սերժ Սարգսյանին, որ ինքը չի հետապնդում ներքաղաքական շահեր և պատրաստ է որոշակի համագործակցության, սակայն լայն պայմանավորվածությունների կոնտեքստում: Այստեղ, իհարկե, հարցերի պատասխանները գտնելը շատ դժվար է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցն էլ ըստ էության առանձնանում է նրա հարցազրույցների համար ամենաբնորոշ գծով՝ քաղաքական դիրքորոշման անորոշությամբ:
Նրա հարցազրույցները ավելի շատ հիշեցնում են փորձագիտական անդրադարձեր, քան քաղաքական գործոն հանդիսացող անձի պատասխանատու դիրքորոշումներ ու սահմանումներ: Եվ այս իմաստով հարցազրույցներից հետո գլխավոր կամ առանցքային տպավորությունը այն է լինում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների գլխավոր նպատակը շարունակում է մնալ իր մասին հիշեցումը: Ըստ այդմ, հետաքրքրական է՝ նա այդ բանն անում է, երբ զգում է, որ մոռանո՞ւմ են իր մասին, թե՞ երբ զգում է, որ կարող են մոռանալ:
Ահա այդ կոնտեքստում հետաքրքրական է, որ Քոչարյանը հարցազրույց է տալիս Սամվել Բաբայանի հարցազրույցից հետո, համենայնդեպս՝ նրա հարցազրույցը հրապարակվում է Բաբայանի հարցազրույցից հետո: Եվ հատկանշական է, որ նրա հարցազրույցում անդրադարձ չկա Բաբայանին: Եվ այդ ֆոնին առավել ևս ուշագրավ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս իրավիճակի բավական զուսպ գնահատականներով, քան, օրինակ, Սամվել Բաբայանը:
Ինչպես հայտնի է, փորձագիտական շրջանակներում Բաբայանը դիտվում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կուսակցության զինակցի կամ աջակցի հավակնորդ, իսկ այդ կուսակցությունն էլ կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, թեև դա, իհարկե, պարբերաբար հերքում են կուսակցության նախաձեռնողները: Նաև այս առումով է հետաքրքիր, որ Քոչարյանը իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տալիս Բաբայանի հարցազրույցից հետո և հանդես է գալիս առավել մեղմ հարցազրույցով, քան Բաբայանը:
Արդյո՞ք սա որոշակի քաղաքական մարքեթինգային քայլ է առաջիկա ընտրություններում Բաբայանի հետ համագործակցելու համար, թե՞ Ռոբերտ Քոչարյանը անհանգստանում է, որ Բաբայանի վերադարձը կարող է ստվերել իրեն՝ որպես ներքաղաքական թեկուզ ոչ ակտիվ, բայց բավական շոշափելի գործոնի:










































