Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Չինաստանի Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՇՀԿ-ում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալը Ադրբեջանը գնահատում է որպես ՇՀԿ-ին ամբողջովին ինտեգրվելու ճանապարհին կատարված առաջին քայլ:
Ալիևն ընդգծել է, որ ՇՀԿ-ի հետ համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում: Անդրադառնալով Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են նրա հետ փոխգործակցութամբ և Մետաքսե ճանապարհի ենթակառուցվածքների ստեղծմամբ ու զարգացմամբ:
«Ադրբեջանը պատրաստ է կարևոր դեր խաղալ Չինաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման հարցում: Դրա համար երկրում կա երկաթուղի, ինչպես նաև կասպյան խոշորագույն ծովային առևտրային նավահանգիստ, որտեղ ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի:
Ադրբեջանը շահագրգռված է այդ աշխատանքում չինական ընկերությունների ակտիվ մասնակցությամբ: Բաքուն ողջունում է չինական ներդրումները Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է Ալիևը:








































