Ծխախոտային արտադրանքների վրա գովազդի տեղադրումից հրաժարումը ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց է: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ն աջակցություն է հայտնում մեկ պարզ միջոցառման, որն իր արդյունավետությունն ապացուցել է ծխախոտային արտադրանքների պահանջարկի նվազման գործում՝ հրաժարում տուփերի վրա պատկերներից,- հայտարարել է Պան Գի Մունը:- Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի կետերի համաձայն՝ այդ միջոցառումը նախատեսում է լոգոտիպերի, գունավոր պատկերների, ճանաչելի կերպարների կամ ցանկացած գովազդային տեղեկության օգտագործման սահմանափակում կամ արգելք՝ բացառությամբ ընկերության և ապրանքի անվանման, որոնք պետք է տպված լինեն ստանդարտ գույնով և տառատեսակով»:
«Տուփերի վրա պատկերների բացակայությունը նվազեցնում է ծխախոտային ապրանքների գրավչությունը, սահմանափակում ծխախոտի գովազդի մասշտաբները և բարձրացնում ծխելու վնասի մասին նախազգուշացումների արդյունավետությունը»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ աշխարհի երկրների կառավարություններին կոչ անելով «պատրաստ լինել ներդնելու պատկերներ չունեցող ծխախոտային ապրանքների տուփեր»:




































