Թուրքիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չի հասկանում, թե ինչպիսի առաջին քայլ է իրենից սպասում ռուսական կողմը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել հարաբերությունները Թուրքիայի հետ և սպասում է Անկարայի կոնկրետ քայլերին այդ ուղղությամբ, սակայն դեռևս դրանք չկան: Նա ավելացրել է, որ խոսքը գնում է Թուրքիայի կողմից ներողության և ռուսական կործանիչի խոցման վնասի փոխհատուցման մասին:
«Ես չեմ հասկանում, թե մեզանից ինչպիսի առաջին քայլ են սպասում: Մենք երկիր չենք, որը նստում է մեղադրյալի աթոռին: ՌԴ-ի հետ վիճել մենք չենք ուզում: Ընդհակառակը, մենք երկիր ենք, որը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Պուտինի հետ մենք եղել ենք ընկերներ, և երբ օդաչուի պատճառով, որը սխալ է գործել, կամ այլ պատճառով, զոհաբերում են այնպիսի հսկայական երկիր, ինչպիսին Թուրքիան է, դա ստիպում է մտածել: Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք այն բանի համար, որ կրկին կառուցենք հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես ցանկանում եմ, որ մենք որքան հնարավոր է շուտ հաղթահարենք այդ խնդիրը»,- հայտարարել է Էրդողանը երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ:









































