Հայաստանը շատ է տառապում իրեն վերագրված մինի-մենաշնորհներով տնտեսության իմիջի պատճառով՝ «Տնտեսական մրցակցության և իրավակիրառական պրակտիկայի պաշտպանության առումով օրենսդրության հայեցակարգային վերլուծություն» թեմայով կլոր սեղան-քննարկման և համանուն հետազոտության արդյունքների ներկայացման ընթացքում հայտարարում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Ես ուզում էի ցույց տալ, թե մենք որքան հետաքրքրված ենք քննարկումներ սկսելու Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ: Հայաստանի ղեկավարությունն իր հայտարարություններում ընդգծել է տնտեսական բարեփոխումները շարունակելու շահագրգռությունը: Անձամբ վարչապետը վերջերս հայտնել էր, որ շահագրգռված է մրցակցային բիզնես մթնոլորտ ստեղծել Հայաստանում: Նա նշել էր, որ հենց ազատ մրցակցությունը պետք է նպաստի տնտեսության ծաղկմանը և զարգացմանը»։
Դեսպանը վստահություն է հայտնում, որ Հայաստանի կառավարությունը ներկայիս քաղաքականության շնորհիվ կկարողանա մրցակցային դաշտ ստեղծել ոչ միայն հայ գործարարների համար, այլև օտարերկրյա ներդրումներ բերել: Քննարկմանը մասնակցում է նաև «Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը, որը ընթացիկ տարվա մարտի մեկին երկրի ղեկավարության ուղղված բաց նամակ էր տարածել, որով դժգոհություններ էր հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերության դեմ հարուցված վարչական վարույթից:
Մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվել էր «Հայկական Ծրագրեր» ընկերության կողմից ծրագրերի սպասարկման գների բարձրացման վերաբերյալ: Եվ ինչպես նշում են ՏՄՊՊՀ-ից՝ հաշվի առնելով մասնավորապես այն, որ ծրագրային ապահովումների փոփոխություններ իրականացնելը տարբեր ընկերությունների համար կարող է լինել ծախսատար և տնտեսվարողները, այլընտրանք չունենալով, կարող են ստիպված համաձայնվել ծրագրային սպասարկման ծառայությունների գների բարձրացումներին, հանձնաժողովը սկսել է իրականացնել ուսումնասիրություն՝ գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով:








































