Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ամփոփել է վերջին երեք տարում Վրաստանի կառավարության արդյունքները:
Իվանիշվիլին կառավարության ամենակարևոր նվաճումներից մեկը համարել է այն, որ երկիրը պարտքային տնտեսությունից անցում է կատարել ներդրումային տնտեսության:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Վրաստանի նոր կառավարության առաջնահերթությունն այնպսի տնտեսական աճ ապահովելն է, որի արդյունքները մատչելի կլինեն բնակչության բոլոր շերտերի համար:
«Երեք տարում գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան 1 միլիարդ լարիի (434.8 միլիոն դոլար): Վերջին 3 տարում շինարարության ծավալը երկրի մասշտաբով աճել է 56 տոկոսով, զգալիորեն աճել է էներգետիկ ոլորտի նախագծերի թիվը, իսկ այդ ոլորտում ներդրումների ծավալը կազմել է 2.5 միլիարդ դոլար:
Չնայած մարտահրավերներին՝ Վրաստանը հարևանների համեմատ ունի տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը: 2013-2016 թվականներին օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 62 տոկոսով՝ համեմատած 2009-2012 թվականների ցուցանիշի հետ:
2013-2015 թվականներին Վրաստանի ընդհանուր պարտքն աճել է 2.5 անգամ պակաս, քան դրա նախորդ երեք տարիներին: ԱՄՀ-ի հետազոտության համաձայն, որը հրապարակվեց ապրիլին, 2016 թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականին առաջին անգամ կգերազանցի 10.000 դոլարը, ինչը 25 տոկոսով ավելի է՝ 2012 թվականի մակարդակի համեմատ:
Նույն հաշվետվության մեջ նշված է, որ 2017-2021 թվականներին մեկ շնչին բաժին ընկնող Վրաստանի տնտեսությունը կաճի 46.4 տոկոսով և 2021 թվականին կհասնի մոտ 14.700 դոլարի, իսկ աճի տեմպը՝ 11.9 տոկոսի:
Եթե պահպանվի աճի այդ տեմպը, ինչը լիովին իրատեսական է, ապա մինչև 2030 թվականը ՀՆԱ-ն կաճի գրեթե 4 անգամ: Վրաստանը կառավարության արդյունավետությամբ տարածաշրջանում այսօր առաջատարն է և մի շարք ցուցանիշներով գերազանցում է անգամ ԵՄ մի շարք երկրների՝ Իսպանիա, Լեհաստան, Իտալիա, Հունաստան, Լատվիա, Լիտվա և այլն»,- նշել է նա:







































