Իտալացի մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան դատապարտվել են համապատասխանաբար 1 տարվա և 8 ամսվա ազատազրկման՝ ֆինանսական խարդախությունների և հարկերի վճարումից խուսափելու համար: Նման որոշում է կայացրել Միլանի դատարանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մի քանի տարի առաջ Իտալիայի հարկային ծառայությունների կասկածի տակ է հայտնվել «Գադո» դուստր ապրանքանիշը, որը գրանցվել է որպես Dolce&Gabbana-ի լյուքսեմբուրգյան մասնաճյուղին պատկանող: Ինչպես պարզել են քննիչները, մոդելավորողներն այն վաճառել են միտումնավոր ցածր գնով, ինչը նրանց թույլ է տվել Ապենիններից դուրս բերել մոտ 1 միլիարդ եվրո: Ցածրացված արժեքով ակտիվների փոխանցումը լյուքսեմբուրգյան ընկերություն տեղի է ունեցել 2004-2005թթ.: 2007 թվականին ակտիվները կրկին տեղափոխել են Իտալիա:
Դատախազությունը նրանց համար 2.5 տարվա ազատազրկում է պահանջել, սակայն նրանց փաստաբանները ողջ գործընթացն անվանել են աբսուրդային: Պաշտպանական կողմը պնդում է, որ ապրանքանիշի արժեքը իրական է եղել, քանի որ գործարքը ընտանեկան էր և թույլ է տվել համապատասխան արժեք սահմանել: Փաստաբանների խոսքով՝ բացի այդ, արժեքի 45 տոկոսի չափով հարկ է վճարվել:
Դատարանը նրանց պարտավորեցրել է որպես հարկային ծառայություններին հասցված վնասի փոխհատուցում վճարել 500 հազար եվրո:
Դիզայներներն ունեն Վերաքննիչ դատարանում վճիռը բողոքարկելու հնարավորություն:










































