Դերասան Ջոնի Դեփն առաջին անգամ մանրամասնորեն մեկնաբանել է իր և Վանեսա Պարադիի բաժանումը: Rolling Stone պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ ինչպես իր, այնպես էլ Վանեսայի համար իրենց բաժանումը բարդ փորձություն էր: Հարցազրույցի մի մասը հրապարակել է The Daily Mail-ը: Այն ամբողջությամբ կհրապարակվի ամսագրի հուլիսյան համարում:
Ջոնի Դեփի խոսքով՝ իրենց սիրավեպի ավարտի պատճառներից մեկն այն էր, որ ինքը չի կարողացել շատ ժամանակ անցկացնել Վանեսայի հետ: Նա նշել է, որ աշխատանքային ժամանակացույցի պատճառով միմյանցից հեռու գտնվելը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ չնայած բաժանմանը, նա շարունակում է պատասխանատվություն զգալ իր նախկին զուգընկերուհու և երեխաների համար:
Խոսելով իրենց տղայի և դստեր արձագանքի մասին՝ Դեփը նշել է, որ նրանք ըմբռնումով են մոտեցել իրավիճակին:
«Երեխաները ամենակարևորն են: Այդ պատճառով պետք չէ միտումնավոր փորձել պաշտպանել նրանց դրանից, պետք է ազնիվ լինել նրանց հետ»,- ասել է Դեփը և հավելել, որ շատ կարևոր է չխոսել ակնարկներով:
Վանեսա Պարադին Ջոնի Դեփից բաժանվելուց հետո մի քանի հարցազրույց է տվել, որոնցում խոսել է նաև իրենց բաժանման մասին: Նա խոսել է բարդությունների մասին, որոնք նախորդել են իրենց հարաբերությունների ավարտին՝ ընդգծելով, որ Դեփի հետ ապրած տարիներին ինքը երջանիկ է եղել:
Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին միասին են ապրել 14 տարի:










































